Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Ջոնսոնն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար, հայտնում են կառավարությունից:
«Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։
Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին», - նշված է Անգլիայի վարչապետի ուղերձում։