Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այդ մասին խոսել է նաև Հայաստանի ղեկավարը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հրավիրյալները կարող են մասնակցել ֆորումին: Գոհ կլինենք: Քանի որ Ադրբեջանն էլ է մասնակցելու: Այս հարթակում թող Ադրբեջանն էլ իր մտքերը հայտնի, Հայաստանն էլ: Ըստ էության, սա կլինի վստահության բարձրացմանը ուղղված քայլերի մի մասը», - ասել է Չավուշօղլուն:

Քիչ առաջ «Ազատություն»-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, թյուրիմացաբար հաղորդել էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է ֆորումին Հայաստանի արտգործնախարարի ու հատուկ ներկայացուցչի սպասվող մասնակցության մասին, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։

Երկուշաբթի օրն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։

XS
SM
MD
LG