Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվել, և Հայաստանն արդեն սկսել է աշխատանքը «զանգեզուրյան միջանցքի» ուղղությամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևն այս մասին խոսել է Իրանի միջկառավարական հանձնաժողովի հետ հեռավար զրույցի ժամանակ:
«Երեկ դուք էլ եք ծանոթացել Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ աշխատանքներին: Հաջողությամբ կառուցվում է թե՛ ավտոմոբիլային, թե երկաթուղային ճանապարհ: Մենք դրական նորություններ ենք ստանում: Հայաստանը ևս իր կողմից ծրագրում է սկսել աշխատանքները: Ես հույս ունեմ, որ հետպատերազմյան այս շրջանը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում, և Իրանի ներդրումն այս գործում շատ կարևոր է», - նշել է Ալիևը:
Իրանական կողմը` Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթոմ Ղասեմիի գլխավորությամբ, երեկ է ժամանել Ադրբեջան: Ընդ որում, իրանցի պաշտոնյաները այցը սկսել էին պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններից. ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ֆիզուլիում վերջերս կառուցված նոր օդանավակայանում, ինչը այսօր հատուկ դրվատանքի է արժանացել Ադրբեջանի նախագահ կողմից: Ալիևը պնդել է, թե հույս ունեն նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում:
Իրանն ու Ադրբեջանը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր
«Պետք է ընդգծեմ, որ իմ հանդիպումը Իրանի նախագահ Ռաիսիի հետ` անցած նոյեմբերին, շատ հաջող էր: Այն նոր հնարավորություններ բացեց մեր բարեկամական ու եղբայրական հարաբերություններում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Իրանական կողմը ևս հայտարարում է, թե երկու նախագահների վերջին հանդիպումը շրջադարձային է եղել, և տարաձայնությունները հարթվել են:
Այսօր, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր` Հյուսիս֊Հարավ տրանսպորտային միջանցքից մինչև Խուդաֆերինի հիդրոէլեկտրոկայանի ու Աստտարաչայ գետի վրա նոր կամրջի շինարարություն:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը երեկ պնդեց` օրակարգում է նաև ներդրումների հնարավորությունը վերջին պատերազմից հետո Ադրբեջանին վերադարձված շրջաններում. -«Նպատակ ունենք երկու երկրների միջև կամուրջ կառուցել, որը Իրանի և Ադրբեջանի տրանզիտի և տրանսպորտափոխադրման ծավալի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հուսով ենք համաձայնագիր ստորագրել բերել տարիֆների նվազեցման շուրջ: Ակնկալում ենք նաև քննարկել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում իրականացվող նախագծերին»,֊երեկ հայտարարել է Ռոսթոմ Ղասեմին:
Մինչդեռ ընդամենը երկու ամիս առաջ հարևան այս պետությունները ցուցադրական զորավարժություններ էին անցկացնում սահմանակից շրջաններում, ղեկավարներն էլ`հրապարակավ մեղադրանքներ ու սպառնալիքներ փոխանակում:
Անցած տարվա աշնանը Բաքուն նոր տուրք սահմանեց Գորիս-Կապան ավտոճանապարհի` ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածերով անցնող իրանցիների համար, երկու վարորդների ձերբակալեց, մյուսներին էլ մեղադրեց թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Թեհրանն իր հերթին էր պնդում` Ադրբեջանը տարածաշրջան է բերել սինոտիստական ուժերի և ահաբեկիչների:
Իրանցի վերլուծաբանը կարևորում է նաև Իրանի և Ադրբեջանի երկաթգծերի շաղկապումը
Նոյեմբերի վերջին, սակայն, փոխադարաձ մի քանի այցերից ու երկու երկրների ղեկավարների` Աշխաբադում կայացած հանդիպումից հետո լարվածությունը կտրուկ մարեց: Անդրադառնալով պատճառներին` իրանցի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին «Շարղ» օրաթերթում գրում է. «Իրանը որոշեց չսրել լարվածությունը, քանի որ դա կարող էր ավելի բորբոքել տարածաշրջանը և փակուղի մտցնել Ադրբեջանին` էլ ավելի մերձեցնելով Բաքվին Թուրքիայի և Իսրայելի հետ»։
«Իրանի նոր կառավարությունը, որն արտաքին քաղաքականության ոլորտում գլխավոր առաջնահերթությունը հռչակել է «դրացիության քաղաքականություն»-ը, հատուկ ինքնակառավարում և ռազմավարական համբերություն ցուցաբերեց»,- գրում է վերլուծաբանը՝ փաստելով, որ դրա համար մի շարք գործոններ կան: Նախ՝ Ադրբեջանը Իրանի թիվ մեկ տնտեսական և առևտրային գործընկերն է Կովկասում։ Երկու երկրների միջև առևտրափոխանակման ծավալը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է, ինչը համարյա հավասար է Հայաստանի և Վրաստանի հետ իրականացվող առևտրի ծավալին։ Բացի այդ, «Ասթարա-Բաքու մայրուղին հարմար հնարավորություն է ստեղծում Պարսից ծոցը-Սև ծովին կապելու համար և Իրանի համար ճանապարհ բացում դեպի Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան, ԵՏՄ և Վրաստան»
Իրանցի հոդվածագիրը կարևորում է նաև Իրանի և Ադրբեջանի երկաթգծերի շաղկապումը։
«Ցավոք, Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո խորհրդային շրջանի երկաթգծերը շարքից դուրս էին եկել, և Իրանը մնացել էր միակ երկիրը, որի երկաթգծային ճանապարհը դեպի Կովկաս կտրվել էր: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո օրակարգ եկավ տարածաշրջանում, մասնավորապես՝ Նախիջևանում, Հայաստանի Սյունիքի մարզում և Ադրբեջանի Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Զանգելանի շրջաններում խորհրդային ժամանակվա երկաթգծերի վերականգնման հարցը: Այս ճանապարհի բացումը Հարավային Կովկասում քաղաքացիների և ապրանքների ազատ և արագ տեղաշարժի հիմք կստեղծի` հնարավորություն տալով Իրանին Ջուլֆա-Նախիջևան-Երևան երկաթգծով միանալ Հայաստանին և Վրաստանին, իսկ Հայաստանի հարավի ու Ադրբեջանի երկաթգծային ճանապարհով` Ռուսաստանի երկաթգծային ցանցին», - նշել է վերլուծաբանը:
«Լարվածության վերահսկումը չի նշանակում, որ թեման փակվել է, և Իրանի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ չկան»,- փաստում է Քալեջին՝ միաժամանակ հավելելով,- «Իրանի ազգային շահը ստիպում է հրաժարվել ծայրահեղական մոտեցումից։ Իրանի մոտեցումը Կովկասում միշտ եղել է հավասարակշռված և հիմնված է եղել բոլոր երեք պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա»: