Մարդու իրավունքների պաշտպանի իշխանական թեկնածու Քրիստինե Գրիգորյանին հենց իշխող ուժի պատգամավորներն ընտրեցին, ընդդիմադիրները բոյկոտեցին փակ գաղտնի քվեարկությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների սրտով չէր, դա ակնհայտ էր արդեն նրա թեկնածությունը քննարկելու ժամանակ։
«Ձեզ այստեղ մանդատ են տվել` իշխանության պաշտպանը լինելու և ոչ թե ընդհանրական առումով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու և ոչ ամենևին Մարդու իրավունքների պաշտպանը լինելու», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ընդդիմությունը Գրիգորյանին մեղադրում է երկրում առկա խնդիրներն անտեսելու, դրանց գնահատական չտալու համար։
«Դուք ասում եք, որ քաղբանտարկյալներ չկան Հայաստանում, և առաջ եք բերում մոնիտորինգային խմբի ընդունած նախնական բանաձևը, բայց գիտեք, տիկին Գրիգորյան, Դուք էլ հո Հայաստանում եք ապրում, Դուք էլ Հայաստանում ապրելով տեսնում եք` ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը, այսինքն` Դուք փակ աչքերով չե՞ք ուզում նկատել այդ ամենը», - հարցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ հավելեց. «Ընդդիմությունը փորձում է գնահատական ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուից այն ամենի մասին, որոնք իրենց մեջ պարունակում են աղաղակող խախտումներ մարդու իրավունքների, ակնհայտորեն հաստատված, Սահմանադրությանը և մարդու իրավունքներին հակասող, այսինքն` բոլոր իմաստներով, որոնց պետք է գնահատական տրվի, որպեսզի մենք հասկանանք, որ հետագայում եթե նմանատիպ քայլեր արվեն, ապա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մենք կարո՞ղ ենք ակնկալել արդյոք իրական, օբյեկտիվ և անաչառ գնահատական»:
Իշխանության պաշտպան, իշխանության սրտի պաշտպան, հասարակության շրջանում բարձր հեղինակություն չունեցող անձ, ընդդիմադիրներն այսօր քննարկեցին ու քննադատեցին Գրիգորյանի ոչ մասնագիտական որակները։
Ընդդիմադիր պատգամավորների բնորոշումները զայրացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ Նրանց բոլոր ելույթները ի պաշտպանություն Գրիգորյանի էին։
«Պարոն Ղազինյանը նոր օգտագործեց հետևյալ միտքը` ՄԻՊ թեկնածուի մասին խոսելիս նշեց, որ նա չունի հարգանք և հեղինակություն հանրույթի մոտ և չի կարող երբեք հասնել այն պլանկային, որն այսօր սահմանված է: Ուրեմն հարգանքից ու հեղինակությունից խոսում է մի մարդ, ով 15 անգամ մերժվել է որևէ պաշտոնի համար, հարգանքից ու հեղինակությունից խոսում է մի մարդ, ով ընդհանրապես չի կարողանում լեզու գտնել իր գործընկերների հետ», - հայտարարեց իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Մենք առաջադրել ենք Քրիստինե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի որպես թեկնածու` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` պրոֆեսիոնալիզմ, բարոյական որակներ, մարդկային բարձր որակներ, ունակություն աշխատելու և որոնելու կոմպրոմիսներ», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Ավելի վաղ իշխանությունը գործող պաշտպան Թաթոյանին ընդդիմադիր լինելու, քաղաքական հայտարարություններ անելու մեջ էր մեղադրել։ Ինքը՝ Թաթոյանը բազմիցս քննադատել է պետական մարմիններին ու պաշտոնյաներին։ Եվ ահա այսօր իշխանական պատգամավորներին վրդովել էին նաև ընդդիմադիրների դրվատանքի խոսքերն ուղղված գործող օմբուդսմենին։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին դա ստիպեց Թաթոյանի գործունեությունից մի դրվագ հիշել. «Արման Թաթոյանի բարձագույն պլանկան եղել ու մնում է Սարի թաղի դեպքերի շուրջ նրա տված հայտարարությունը, երբ, կհիշեք, Սարի թաղում խաղաղ ցուցարարների վրա մեծ ուժ կիրառվեց, նրանց վրա կրակոցներ արձակվեցին լուսաձայնային հատուկ միջոցներով, 18 տարեկան մի տղա կորցրել աչքը: Ի՞նչ ասած այս ամենի հետ կապված Արման Թաթոյանը, հետևյալը` եթե երթն ուներ խաղաղ նպատակ, ապա ինչո՞ւ էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով գիշերով: Փառահե՞ղ է, չէ՞»:
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանի արձագանքն իրեն ուղղված քննադատությանն ավելի մեղմ էր։ Ուղիղ չանդրադարձավ իր մասին ընդդիմության բնորոշումներին. «Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելությունը, շարունակելու պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կայացումը»:
40-ամյա Գրիգորյանը 2019 հուլիսից մինչև անցած շաբաթ զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, մինչ այդ եղել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականը։ Պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Մարդու իրավունքների նոր պաշտպանն իր պարտականությունները կկատարի փետրվարի 24-ից՝ գործող օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետի ավարտի հաջորդ օրը։ Գործող պաշտպան Արման Թաթոյանն այդ պաշտոնը ստանձնել էր 6 տարի առաջ, երբ դեռ իշխանության էր Հանրապետական կուսակցությունը։