Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երկու երկրների ղեկավարները անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարմանը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր։ Հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի է ունենալու Ռուսաստանի միջնորդությամբ։
Նշվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը: Ղարաբաղյան կարգավորման միջնորդների մասին Պուտինի ու Փաշինյանի այս զրույցը տեղի է ունենում օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հեգնական հայտարարությունների ֆոնին, թե ղարաբաղյան հարցը լուծված է, և ժամանակն է թոշակի ուղարկելու Մինսկի խմբին։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։
Կրեմլի փոխանցմամբ՝ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքին։
Կրեմլից հետո հաղորդագրություն տարածեց նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմը, հաղորդագրության բովանդակությունը գրեթե նույնն է, սակայն անդրադարձ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի և ռուս-ամերիկյան բանակցությունների մասին զրույցին։