Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի հովիվը վերադարձվի։
Նա Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանն է: Ըստ մարզպետի, Մաթևոսյանի հոտը սահմանն անցել է, ինքն էլ գնացել է ոչխարների հետևից և հայտնվել ադրբեջանական կողմում։
Պաշտպանության նախարարությունից ևս տեղեկացնում են, որ ձեռնարկվում են քայլեր` հովվին վերադարձնելու ուղղությամբ:
Տեղ խոշորացված համայնքը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է: