Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում, հայտարարում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Համաձայն հաղորդագրության՝ «ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց»:
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի բնակիչները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Պաշտոնական Բաքուն հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանական բանակը «չի կրակել քաղաքացիական անձանց և օբյեկտների ուղղությամբ»: