Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն այսօր էլեկտրոնային փոստով պայթուցիկ սարքի մասին սպառնալիք է ստացել։
Դեսպանատնից «Ազատությանը» հայտնել են, թե նամակի հեղինակը պահանջել է Հայաստանից հանել խաղաղապահ զորքը Ղազախստանից, այլապես գործի կդրվի պայթուցիկ սարքը։ Դեսպանատունը դիմել է պատկան մարմիններին, ստուգումների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Նման մի սպառնալիք էլ, ըստ ՏԱՍՍ-ի, նաև Ռուսաստանում Բելառուսի դեսպանատունն է ստացել։ Այնտեղ ևս պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
ՀԱՊԿ անդամն երկրները, այդ թվում՝ Հայաստանը խաղաղապահ զորք են ուղարկել Ղազախստան:
Ղազախստանում հունվարի 1-ից զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել էին ՀԱՊԿ-ին: