Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցերի Հունանյանը նշել է նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չունի, և որ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, ասված է հաղորդագրությունում։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանում են Ղազախստան։ Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է ընդունել հայ խաղաղապահների Ղազախստան մեկնելու մասին։