Մատչելիության հղումներ

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից


Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ պաշտոնում Նազարբաևին կփոխարինի ինքը:

Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նրա համոզմամբ` անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական շահագրգռվածություն ունեցող դավադիրներ», որոնք ունեն «մանրակրկիտ պլանավորված ծրագիր»։

«Հետևաբար, ես` որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»,- հայտարարել է Ղազախստանի Տոկաևը։ Նա հերքել է երկրից փախչելու մասին լուրերը` վստահեցնելով, որ առաջիկայում հանդես կգա «Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով»։

Երրորդ օրը երկրով մեկ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին` այսօր հրաժարական է տվել նաև Ղազախստանի կառավարությունը։ Ղազախստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ:

Ղազախստանը նավթի, գազի և մետաղի խոշոր հանքավայրերի երկիր է, Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունը:

* Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց 2019-ին՝ իշխանությունը փոխանցելով իր հավատարիմ ենթականերից մեկին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Հեռանալով նախագահականից՝ երկարամյա առաջնորդը մնաց քաղաքականության մեջ՝ դառնալով երկրի առանցքային կառույցի՝ Անվտանգության խորհրդի նախագահ։

81-ամյա Նազարբաևը այդ պաշտոնից հրաժարական տվեց միայն այսօր՝ երկրում բռնկված զանգվածային ցույցերից հետո։

*Պաշտոնաթողությունից առաջ Նազարբաևը նախաձեռնել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք երաշխավորում են նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց քրեական հետապնդումից։

* Մոտ 19 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը ռուսներն են՝ ավելի քան 4.5 միլիոն:

* Ղազախստանը իրավապաշտպան կառույցների զեկույցներում տասնամյակներ շարունակ համարվել է բռնապետական կառավարմամբ երկիր։

Նուրսուլթան Նազարբաևը անկախությունից հետո հինգ անգամ անընդմեջ վերընտրվել է նախագահի պաշտոնում ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ 2015 թվականին՝ ավելի քան 97 տոկոսով:

XS
SM
MD
LG