Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շեշտում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Որպես «մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան» է բնորոշում անցնող 2021 թվականը նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի իր ուղերձում։

«Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին: Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար», - ասված է ուղերձում։

«30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ: 30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով», - հայտարարում է նախագահը՝ շարունակելով․ - «Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև: Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու: Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում: Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը»:

«Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը: Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար: Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին: Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը», - համոզված է Արմեն Սարգսյանը։

«Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը, մեր աշխատանքը, մեր միտքը: Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս», - ասված է նախագահի ուղերձում։

«Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։ Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի: Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն», - ընդգծում է Արմեն Սարգսյանը։

«Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները: Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ: Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG