Մատչելիության հղումներ

Կառավարությունը այս տարի ծրագրվածից 146 միլիարդ դրամ ավելի շատ հարկ ու տուրք է հավաքել


Սա թույլ է տվել նախատեսվածից ավելի շատ ծախսեր կատարել, պետական ծախսերի ժամանակ ավելի քիչ դիմել վարկերի օգնությանը և ծրագրվածից երկու անգամ ավելի շատ գումար հատկացնել Արցախին։

Այս տարի հաջողվել է 146 միլիարդ դրամով կամ ավելի քան 300 միլիոն դոլարով ավելի շատ հարկ ու տուրք հավաքել, քան ծրագրված էր 2021 թվականի պետբյուջեով։ Սա թույլ է տվել նախատեսվածից ավելի շատ ծախսեր կատարել, պետական ծախսերի ժամանակ ավելի քիչ դիմել վարկերի օգնությանը և ծրագրվածից երկու անգամ ավելի շատ գումար հատկացնել Արցախին՝ այս մասին հայտարարվեց այսօր, կառավարության այս տարվա վերջին նիստում։

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ 2021 թվականի պետբյուջով նախատեսված էր հավաքել 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ հարկ ու տուրք. - «Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով, այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 միլիարդ։ Սա դեկտեմբերի 30-ի դրությամբ։ Այսօր ևս ակնկալվում են մուտքեր։ Եվ վերադարձի ցուցանիշներն են նաև զգալի և ռեկորդային այս տարվա համար։ Մենք վերադարձրել ենք 182 միլիարդ հարկ վճարողներին, ավելացված արժեքի հարկի գծով է հիմնականում։ Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ»։

Ըստ Բադասյանի, պատերազմ, կովիդ ու, ի վերջո, տնտեսական անկում տեսած 2020 թվականի համեմատ, այս տարի 200,5 միլիարդ դրամով են ավելի շատ հարկ ու տուրք հավաքել, իսկ 2019-ի համեմատ՝ 121,4 միլիարդ դրամով։

Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակեց, թե եկամուտների նման աճը թույլ է տվել այս տարի պետբյուջեից կատարել 1 տրիլիոն 935 միլիարդ դրամի ծախսեր, թեև նախատեսված էր 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ. - «Մենք 2021 թվականի ընթացքում, բացի ծախսերը առնվազն 85 միլիարդ դրամով ավել կատարելուց, Արցախին նախատեսված 64 միլիարդ դրամի փոխարեն փաստացի հատկացրել ենք 128 միլիարդ դրամ փոխառություններ, որը կրկնակի է գրեթե»։

Մյուս տարվա պետբյուջեով նախատեսված են ավելի մեծ թվեր. ծրագրված է հավաքել 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ հարկ ու տուրք, այսինքն՝ 257 միլիարդ դրամով կամ 530 միլիոն դոլարով ավելի, քան այս տարի։ 2022 թվականի պետբյուջեի ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ կամ ավելի քան 4,5 միլիարդ դոլար՝ ամենամեծ պետբյուջեն 1991 թվականից ի վեր։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, ծրագրվածից ավելի շատ հարկ ու տուրք հավաքելը նախևառաջ պետք է բացատրել այս տարվա գների բարձրացմամբ, ոչ թե կառավարության լավ աշխատանքով։

Թադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան

«Ազատության» զրուցակիցը մանրամասնեց, որ անցնող տարում ո՛չ տնտեսական աճն է այդչափ բարձր եղել, ո՛չ էլ հայաստանցիների աշխատավարձերն են այնքան աճել, ինչը թույլ կտար նման ծավալի լրացուցիչ գումար մուտք անել պետբյուջե. - «Դա բացատրող հիմնական ցուցանիշը հետևաբար մնում են անուղղակի հարկերը, որոնք իրականում գնաճի արդյունք է։ Բարձր գնաճի, որովհետև իրոք մենք ունենք ներկրվող ապրանքների գների էական թանկացում, նաև առաջին անհրաժեշտության ապրանքի, սննդամթերքի գների գրեթե միջինը 20 տոկոս ավելացում։ Այս ցուցանիշը համարժեք է էն հարկային մուտքերի ավելացմանը, ինչը մենք ունենք։ Մեծ հաշվով գնաճը դա, պիտի արձանագրենք նաև, որ ազգային արժույթի գնողունակության նվազման մասին է խոսում»։

Վիճակագրական կոմիտեի համաձայն, այս տարվա հունվար-նոյեմբերին ընդհանուր գնաճը կազմել է 7,1 տոկոս, իսկ միայն սննդամթերքը նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ Հայաստանում թանկացել է ավելի քան 17 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG