Մատչելիության հղումներ

Մոսկվան Մինսկին կհանձնի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ցույցերի հերթական մասնակցին


Բելառուս - Ոստիկանները ցուցարարի են ձերբակալում, Մինսկ, 10-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Ոստիկանները ցուցարարի են ձերբակալում, Մինսկ, 10-ը օգոստոսի, 2020թ.

Ռուսաստանը Բելառուսի իշխանություններին կհանձնի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ բողոքի ցույցերի մասնակից Դմիտրի Պոդլոբնիկովին։ Հայրենիքում նա մեղադրվում է ոստիկանին բարոյական վնաս պատճառելու մեջ։

Պոդլոբնիկովը Բելառուսում ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսի 9-ին Ժլոբին քաղաքում փողոցային երթից հետո, երեք օր ոստիկանական բաժանմունքում գտնվելուց հետո ազատ էր արձակվել։ Ավելի ուշ նա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, որտեղ այս տարվա մայիսին Բելառուսի իշխանությունների պահանջով կալանավորվել էր։ Այս պահին Պոդլոբնիկովը գտնվում է մերձմոսկովյան Կոլոմնա քաղաքի քննչական մեկուսարանում։

«Կասկած չկա, որ Դմիտրին տանը խոշտանգումների վտանգի տակ է, և որ նրա դատավարությունն արդար չի լինի», - ասել է ձերբակալվածի փաստաբան Մարիա Կրասովան:

Սա առաջին դեպքը չէ, երբ Մոսկվան ձերբակալում է, իսկ հետո, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արգելքին, Մինսկին է արտահանձնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ցույցերի մասնակիցներին։

Մասնավորապես, հուլիսին Ռուսաստանի իշխանությունները արտահանձնեցին Ալեքսեյ Կուդինին, ով հայրենիքում մեղադրվում էր ոստիկանությանը դիմադրելու մեջ և դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման։ Իսկ սեպտեմբերին Ռուսաստանը արտահանձնեց ընդդիմության առաջնորդ Սերգեյ Նեպոգոդային՝ նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

XS
SM
MD
LG