Միացյալ Նահանգները և դաշնակիցները միասնական են Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու վճռականության մեջ, սակայն ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները նույնպես պատրաստ են ակտիվ դիվանագիտական բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Այս մասին երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած մամուլի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի երեկոյան հաստատել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունները տեղի կունենան հունվարի 10-ին։ Ինչպես ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, կողմերը կքննարկեն Արևելյան Եվրոպայում անվտանգության հետ կապված մտահոգությունները և Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը նվազեցնելու հնարավորությունը։