Մատչելիության հղումներ

Հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչները Մոսկվայում քննարկել են միայն հումանիստական հարցեր


Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, 27-ը դեկտեմբերի, 2021թ.
Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, 27-ը դեկտեմբերի, 2021թ.

«Որևէ քաղաքական, որևէ կուսակցական, որևէ այդ տեսակ զրույցներ մեր կողմից չեն եղել», - հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչները միայն հումանիստական հարցեր են քննարկել, պատմում է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունը բարձրացրել է հայ ռազմագերիներին ժամ առաջ վերադարձնելու հարցը։

«Խոսվել է այն, որ մեր տղաները պիտի վերադառնան, և դա ամենակարևոր խնդիրն է, մինչև վերադարձը ուրիշ որևէ թեմա չի կարող շոշափվել», - նշեց Մխիթարյանը։

Չորս հայ և չորս ադրբեջանցի գործիչների հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումն է՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկու երկրների ժողովուրդների հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու միջոցները:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Վերջինիս խոսքով՝ նախապես մշակված օրակարգ չի եղել: Թեև ռուսական լրատվամիջոցները նշում են, որ այսպիսի շփումները կշարունակվեն 2022-ին, սակայն հայկական կողմից ընդգծել են, որ այսպիսի հանդիպումները շարունակություն կունենան, եթե տեսնեն շոշափելի արդյունքներ՝ հստակ գործողություններով։

Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, 27-ը դեկտեմբերի, 2021թ.
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, 27-ը դեկտեմբերի, 2021թ.

«Համար մեկ հարցը, որ տեղավորվում է այս հումանիստական դաշտի մեջ, դա մեր գերիների վերադարձն է։ Սա մեր համար քաղաքական հարց չէ, չենք քննարկում՝ ով երբ է ընկել գերի, ինչ հոդված է իրեն առաջարկվել, ինչ պայման է դրվել, դա մեր ոլորտը չէ։ Խոսքը գնում է մի քանի տասնյակ հայ զինվորների մասին, որոնք մեկ տարուց ավելի գտնվում են գերության մեջ», - ասաց Բաբայանը։

Հարցին, թե ի՞նչ արձագանք եղավ, Տիկնիկային թատրոնի ղեկավարը պատասխանեց. - «Արձագանք եղավ, որ նույնիսկ, այո, մենք հասկանում ենք դա: Նախ փորձեմ ասել՝ նպատակը որն էր այդ հարցը բարձրացնելու, նպատակն այն էր, որ դուք բարձրացնեք այդ հարցը ձեր կառավարության առջև, նա է ձեզ այստեղ ուղարկել, ուրեմն հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, և դուք պետք է փոխանցեք մեր այդ հումանիստական պահանջը, եթե կարել է այդպես ասել: Ասացին, որ իրենք, իհարկե, կվերադարձնեն գերիներին, մենք ասացին, որ դրանք, իհարկե, հաճելի է լսել, բայց մենք սպասում ենք գործնական քայլերի»:

Հանդիպմանը մասնակցած Բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից ակնկալում են գերիների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն, առաջարկել են նույնիսկ հայաստանցի բժիշկների խումբ գործուղել։

Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել են ռեկտորներ ու կինոռեժիսոր: BBS-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին ասել է, թե հանդիպումը «շատ լարված», բայց նաև զուսպ ու քաղաքակիրթ մթնոլորտում է անցել։ Բադալբեյլը առաջին անգամ չէ, որ հանդիպում է հայ մտավորականների հետ, նման մի հանդիպում էլ 13 տարի առաջ՝ 2008-ին է եղել։

Ռեկտորի փոխանցմամբ՝ Ղարաբաղից ընդհանրապես չեն խոսել, հիմնականում երկու թեմա է արծարծվել. հայկական կողմից գերիների վերադարձի, իսկ ադրբեջանցիներն էլ ականազերծման անհրաժեշտության մասին են խոսել, ասել են, որ եթե հայկական կողմը տա ականապատ տարածքների բոլոր քարտեզները, հնարավոր կլինի խուսափել զոհերից։

Ըստ Բադալբեյլիի՝ հանդիպմանը ադրբեջանական կողմն ասել է, որ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք, ինչը չենք կարող ասել 100-ից ավելի ադրբեջանցիների մասին, որոնք զոհվել են ականի պայթյունից»։

Արդյոք հայ և ադրբեջանցի գործիչները կրկին կհանդիպեն, դեռևս հստակ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG