«Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն», - այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում հայտարարել է ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին», - հայտարարել է ՀՀԿ նախագահ:
Սերժ Սարգսյանն իր ելույթի ընթացքում համոզմունք է հատնել՝ «մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը»:
Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին՝ ասել է Սարգսյանն ընդգծելով՝ ՀՀԿ-ն «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։
«Մենք առաջարկում ենք ստեղծել կուսակցական նոր մարմին՝ ուսանողական կազմակերպություն։ Իմ գործընկերները կանոնադրական փոփոխությունները ներկայացնելիս այս հարցին ևս կանդրադառնան: Ես միայն կընդգծեմ, որ ուսանողությունը միշտ եղել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, և վստահ եմ, որ այդ կառույցն իր շուրջը կհամախմբի ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալ ուսանողների», - ասել է նա։
Անդրադառնալով 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, Սերժ Սարգյանն ընդգծել է, որ իր նպատակը «ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը»:
«2018 թվականին ես հեռացա` խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք սրտի, անցած երեքուկես տարիներին ոչինչ չմնաց», - ընդգծել է նախկին նախագահը:
ՀՀԿ նախագահը նշել է, որ ընդունել և պատրաստ է նորից ընդունել սեփական սխալները. «Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»: