Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Սերդար Քըլըչը ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 63-ամյա դիվանագետը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 2006-2008 թվականներին նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնական է եղել, 2008-2010 թվականներին Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014՝ թվականներին Տոկիոյում, 2014-2021՝ թվականներին Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:
Պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն:
Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը և հաստատել՝ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի: