Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում Արցախի Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչներին. համայնքապետ


Արցախ, արխիվ
Արցախ, արխիվ

Ադրբեջանական կողմը կրակի տակ է պահում Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին։ Արցախի Մարտունու շրջանի այս համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը տեղեկացրեց՝ երեկ գյուղի տրակտորիստը միայն պատահաբար ադրբեջանական խոշոր տրամաչափի զինատեսակների թիրախում չի հայտնվել, այսօր էլ ավելի շատ են կրակել:

«Եթե երեկ մի 5 անգամ են կրակել, էսօր 32 անգամ են կրակել, էլի տրակտորիստների ու արդեն ուրիշ տրակտորների աշխատողների վրա են կրակել, չեն թողնում աշխատենք, ցորեն ցանենք, գարի ցանենք: Հիմա կանչել ենք, ռուսները եկել են, պիտի մի բան որոշենք վաղվա համար, տենանք` թողնում են` աշխատենք, թե չեն թողնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավանեսյանը:

Մաճկալաշենի համայնքապետն ասում է՝ ադրբեջանական կողմի նպատակն է թույլ չտալ, որ գյուղացիներն աշնանացանի աշխատանք կատարեն, այժմ ռուս խաղաղապահներին են կանչել, որպեսզի նրանց միջնորդությամբ կարողանան դաշտ դուրս գալ:

Ադրբեջանի նպատակը մեկն է` Արցախում ապրող հայությունը հուսալքված թողնի ու լքի, համոզված են տեղի պաշտոնյաները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չի կասկածում՝ այս միջադեպերը ոչ թե պատահական ու տարերային են, ինչպես Ադրբեջանի նախագահն էր հայտարարում Սոչիում, այլ համակարգված ու նպատակային. «Եթե գյուղում ապրող մարդն իր ընտանիքը պահում է հենց գյուղատնտեսական աշխատանքներով և եթե վտանգ ունի` այդ հողերը մշակելու հարցում, պարզ է, որ այդ մարդը մի օր որոշելու է, որ չի կարող այլևս մնալ այդ գյուղում և պետք է տեղափոխվի: Ադրբեջանի նպատակը` թաքնված և արդեն անթաքույց հենց դա է, որպեսզի բնակչությունը` Արցախում ապրող հայությունը հուսալքված թողնի ու լքի Արցախը»:

Միջադեպերը դիտավորյալ են, որպեսզի արցախցիներն ի վերջո արտագաղթեն, նույն է ընդգծում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը. «Բայց, բարեբախտաբար, մենք ունենք բարձր դիմադրողականություն և աշխատանքներ կատարում ենք առաջին հերթին մեր սեփական անվտանգային երաշխիքները բարելավելու ուղղությամբ, այդ թվում` շփման գծի, առաջնագծի կահավորման տեսանկյունից: Բավականին աշխատանք տարվել է և՛ ամրությունների կառուցման տեսանկյունից, և՛ նաև տեսադիտարկման համակարգերի ներդրման տեսանկյունից»:

Արցախա-ադրբեջանական շփման գիծը մինչև պատերազմն ընդամենը 200 կիլոմետր էր, այժմ այն 500 կիլոմետր է և ամբողջությամբ նոր սահման: Կահավորման մեծ աշխատանք դեռ կա, շեշտում է պետնախարար Բեգլարյանը: Սրանից բացի, ադրբեջանական հենակետերը շատ մոտ են բնակավայրերին՝ օրեր առաջ մոլորվել ու ադրբեջանական կողմում էր հայտնվել Մարտունու Աշան գյուղի մի բնակիչ. ադրբեջանական կողմը խոստացել էր նրան նույն օրը վերադարձնել, բայց դա արեց 3 օր անց, որպեսզի Սոչիի հանդիպումից առաջ մարդասիրություն ցուցադրեն, ենթադրում է Արցախի օմբուդսմենը:

«Հատուկ են պահել, որպեսզի վերադարձնեն Սոչիում տեղի ունեցած հանդիպումից առաջ, որպեսզի հենց Ալիևն էլ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հայտարարության ժամանակ հենց այդ փաստն ընդգծի», - նկատում է Գեղամ Ստեփանյանը:

Աշանցի երիտասարդ տղան վերադարձվել էր մարմնի վրա 40 վերքերով՝ դատաբժշկական փորձաքննությունը արձանագրեց բռնության ու ծեծի հետևանքով ստացած վնասվածքները։

120 հազար հոգի վերադարձել է արդեն. Բեգլարյան



30 տարի առաջ` 1991-ի դեկտեմբերի 10-ին, արցախցիների Անկախության հանրաքվեն անցկացվեց, բացարձակ մեծամասնությունը` 99,89 տոկոսը կողմ քվեարկեց: Պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր Արցախի ապագան ուրվագծելիս տասնամյակների նպատակները ոչ թե պակասեցնում, այլ ավելացնում է` հակամարտության խաղաղ լուծում, ինքնորոշման իրավունք, անկախության միջազգային ճանաչում և բռնազավթված տարածքների վերադարձ. «Տարածքները նաև հումանիտար խնդիր են, որովհետև այդքան տեղահանված անձինք պետք է կարողնան իրենց տները վերադառնալ: Սա ինքնին ամենամեծ հումանիտար խնդիրն է»:

Հակամարտությունն արագ լուծում չունի, պետնախարար Բեգլարյանը խաղաղապահների անժամկետ տեղակայմամբ է պատկերացնում արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովումը: Կատարյալ անվտանգ միջավայր չկա, բայց արցախցիները վերադառնում են Արցախ, Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ, արդեն 120 հազար քաղաքացի: Նա վստահ է՝ սա է այն հույսը, որ Արցախը կմնա հայկական. «Եվ Արցախի կարգավիճակը հարցը մենք մի օր կկարողանանք վերջնականապես կարգավորել մեր իրավունքներին ու շահերին համապատասխան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG