Մատչելիության հղումներ

Ընտրությունների օրը Վանաձորի ավագանու թեկնածուները միմյանց մեղադրում են քաղաքը ձնից չմաքրելու համար


Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Այսօր Վանաձորում ընտրություններին 10 քաղաքական ուժ է պայքարում։ Ազգային ժողովում ներկայացվածներից միայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունն են մասնակցում։ 5 տարի Վանաձորում իշխանության եղած Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին։

Ընտրարշավին գոնե տեսանելի չմասնակցեց նաև Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, որ ԱԺ ընտրություններին աջակցում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին։

2016-ին Հանրապետականի միջոցով համայնքապետ դարձած Մամիկոն Ասլանյանն այս անգամ ընտրություններին մասնակցում է իր անունով ստեղծված դաշինքով, որի մաս են կազմում Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակից Նարեկ Սամսոնյանի հիմնադրած «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Մամիկոն Ասլանյանն այսօր իր քվեարկությունից հետո լրագրողներին ասաց՝ տեղական մակարդակում կուսակցականացված ընտրություններ չեն լինում։ Պնդեց՝ ընտրվելու դեպքում իրեն առաջադրած կուսակցությունների նկատմամբ պարտավորություններ չի ունենալու. «Ոչ մի կուսակցության հետ ոչ պայմանագիր ունեմ, որևէ կուսակցական խողովակով ինձ երբևէ որևէ, նույնիսկ ակնարկային հրահանգ չի եղել. ես հարմար եմ գտել կառավարել համայնքն այնպես, ինչպես այդ պահի հրամայականն է եղել, և այդպես էլ շարունակել եմ ու շարունակելու եմ աշխատել նույն ոճով»:

Մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ մարզի ղեկավար նշանակված Արամ Խաչատրյանն է գլխավորում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Նա այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ որպես համայնքապետի թեկնածու իրեն առաջադրելը քաղաքական որոշում է եղել, և ինքն անվերապահորեն ընդունել է այն. «Ինձ համար քաղաքական մեր թիմի ցանկացած որոշում ես ի գիտություն եմ ընդունում և անվերապահորեն կատարում եմ: Մեզ համար ցածր, բարձր պաշտոններ չկան, մենք գալիս ենք աշխատելու և ծառայելու ժողովրդին»:

Այսօր քվեարկությունը գոնե առավոտյան ժամերին պասիվ էր։ Հանձնաժողովականները դա բացատրում էին սառցակալած մայթերով ու փողոցներով, որ դեկտեմբերի մեկին տեղացած ձյունից հետո այդպես էլ լիարժեք չմաքրվեցին։ Թե քարոզչության վերջին օրերին և թե այսօր այս հարցում միմյանց մեղադրեցին երկու ամիս առաջ պաշտոնից հեռացած Մամիկոն Ասլանյանն ու իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս Ասլանյանին մեղադրում է քաղաքին վատ տեխնիկական ժառանգություն թողնելու համար։

«Վանաձորում քաղաքապետի պաշտոնակատար կա, բայց այդ առումով շատ վատ ժառանգություն է ստացել, որովհետև տեխնիկական միջոցները շատ վատ են: Երկու մեքենա է ձեռք բերել, որից մեկն այս պահին անսարք է, այսինքն` ամբողջ Վանաձորում կա մեկ մեքենա», - նշեց Խաչատրյանը:

Մինչդեռ Մամիկոն Ասլանյանը պնդում է՝ 2019-ին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերած երկու ձյուն մաքրող մեքենաները բավարար էին ամբողջ քաղաքում 6 ժամ շրջելու և քաղաքը ձնից մաքրելու համար։ Մեքենաներից մեկի անսարքության մասին հայտարարության հետ չի համաձայնում. «Ի՞նչ է նշանակում` 19 թվականին գնված նոր «Կամազն» անսարք է, կներեք, ի՞նչ է անսարք, գոնե պարզե՞լ են»:

Հարցին` հնարավո՞ր է` իր նախկին ենթակաները սաբոտաժ են անում, արձագանքեց. «Նախկին ենթակաները բոլորը գտնվում են տանը` կամ ազատված են աշխատանքից, կամ արձակուրդի մեջ են: Եթե մարդիկ երկու ամիս է` ստանձնել են քաղաքի ղեկավարությունը ու ինչ-որ երրորդ ուժի էլ մեղադրում են սաբոտաժի մեջ, թող վեշերը հավաքեն, գնան, ամեն մեկն իր պոլիկլինիկան, իր տունը, սպորտդպրոցը»:

Այսօր Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանն «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց՝ քաղաքի ղեկավարումն ստանձնելուց հետո համայնքապետարանի կոմունալ ծառայության համար պատասխանատու անձինք իրեն սխալ տեղեկություն են փոխանցել. «Մենք ունեինք, և ինձ հավաստիացրել էին, որ մենք ունենք համապատասխան բոլոր միջոցները` ձայն տեղալու պայմաններում հարցը կարգավորելու քաղաքի մասով, այսինքն` նաև հավաստիացրել են, որ հավելյալ տեխնիկական միջոցների ներգրավման որևէ խնդիր չի ունենալու:

Նման ինֆորմացիա ես չեմ ունեցել, որ մենք որևէ բանի կարիք ունենք: Եթե ունենայինք որևէ բան կարիք, մենք միջոցներ կձեռնարկեինք պարտադիր: Ինձ հավաստիացրել են, որ նման որևէ խնդիր չկա»:

Վանաձորի ավագանիում 5 տարի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունեցած «Լուսավոր Հայաստանը» ևս մասնակցում է ընտրություններին։ 2016-ին կուսակցության թեկնածուն Էդմոն Մարուքյանի եղբայրն էր` Քրիստ Մարուքյանը։ Այս անգամ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանն է։ Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկելուց հետո ասաց՝ այսօրվա դրությամբ քաղաքական հնարավոր կոալիցիաների մասին որոշում չունեն, դա կախված կլինի քվեարկության արդյունքներից։

«Հինգ տարի առաջ` 2016 թվականին, ընդդիմությունն այստեղ հաղթել էր: Մանդատագողության արդյունքում այդ հաղթանակը խլվեց ընդդիմությունից: 16 տարվա թալանված քաղաքը, ամեն ինչ արվեց, որ այդ թալանը, այդ պատասխանատվությունը չլինի, աուդիտ չլինի, հինգ տարի էլ նույն ձևով շարունակվել է: Վանաձոր քաղաքը Հայաստանի ամենավատ վիճակում գտնվող քաղաքներից է: Համեմատեք Գյումրիի հետ, Էջմիածնի հետ, անգամ այս վերջում Հրազդանի հետ, տեսեք, որ ավելի վատ վիճակում է: Պայմանավորված է, որ երկար ու ձիգ տարիներ այս քաղաքում բացի փող աշխատելն, ուրիշ բան չեն արել քաղաքային իշխանությունները», - ասաց Մարուքյանը:

Խոշորացված Վանաձորում ընտրողների թիվը մոտ 94 հազար է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG