Մատչելիության հղումներ

Իշխանությունը սահմանային անվտանգության համար զորքերի հայելային հետքաշում է առաջարկում. ՄԻՊ-ը ելքն այլ է համարում


Հայաստանը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է սահմանազատման ու գծման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ խորհրդային քատեզների հիման վրա, իսկ սահմանային անվտանգության հարցերը լուծելու համար առաջարկում է զորքերի հայելային հետքաշումից հետո հայ-ադրբեջանական շփման նոր գծում տեղակայել սահմանապահների։

«Մենք կարծում ենք, որ նաև անհրաժեշտություն կա սահմանային կայնություն ձևավորել, այդ կայունության ձևավորման համար անհրաժեշտ է, որ զորքերը հայելային հետ քաշվեն: Ես կարող եմ ասել` նույնիսկ վերջերս մենք և՛ Ռուսաստանի Դաշնությանը, և՛ Ադրբեջանի Հանրապետությանն առաջարկներ ենք փոխանցել: Այդ առաջարկների իմաստը հիմնականում սա է, որ զորքերը հայելային հետ են քաշվում, այդտեղ տեղակայվում են սահմանապահ զորքեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Բաքվին և Մոսկվային ուղղված առաջարկում Երևանը դիտարկում է անգամ սահմանապահների թիվն ու զինատեսակները սահմանափակելու հնարավորությունը, հայտնեց ԱԽ քարտուղարը. «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի սահմանապահ զորքերը տեղակայվեն, նույնիսկ նրանց զենքը սահմանափակում ունենա, և կարողանանք սահմանում հնարավորինս հանդարտություն ապահովել: Այս առաջարկները մեր կողմից հնչեցվել են, մենք պատրաստ ենք այս գործընթացին: Մայիսից մինչև հիմա մենք որևէ դրական ազդակ չենք ստացել, բայց սպասում ենք, որ հնարավոր է` դրական ազդակ ստանանք»:

Սրանք անվտանգության երաշխիքներ ստեղծելու Հայաստանի առաջարկներն են, որոնք հնարավորություն կտան առանց սահմանային բախումների գնալ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի հանգիստ մթնոլորտում, սակայն ըստ Գրիգորյանի` միջազգային հանրության բացակայությունն այս պրոցեսից դժվարացնում է ծրագրի իրագործումը։

«Մեր առաջարկությունները հենց անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին են, ոչ թե սահմանազատման և սահմանագծման հստակ մասին է», - բացատրեց նա:

Սահմանային անվտանգության մեխանիզմների վերաբերյալ սեփական առաջարկն ունի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ նրա՝ ելքը միակն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ Հայաստանի համայնքների հարևանությամբ կամ միջհամայնքային ճանապարհներին չպետք է լինեն, և պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի։ Հայաստանի՞, թե՞ Ադբեջանի տարածքի հաշվին, հարցին Թաթոյանը պատասխանում է՝ Ադրբեջանի։

«Ապառազմականացված գոտի նշանակում է նրանց հեռացումը, մեր առաջարկի հիման վրա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ բանաձևը, որ ընդունվեց սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի պատերազմի հետևանքով հումանիտար խնդիրների վերաբերյալ, այնտեղ հատուկ կետ կա, դա մեր առաջարկն է` սկսել բանակցություններ ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ: Դա պետք է արվի մինչև անգամ դելիմիտացիայի, դեմարկացիայի ավարտը», - կարծում է Արման Թաթոյանը:

Ինչպե՞ս է Ադրբեջանը համաձայնելու հետ քաշվել այն տարածքներից, որ խորհրդային քարտեզներով եղել են ադրբեջանական և 44-օրյա պատերազմից հետո անցել Բաքվի տիրապետության տակ, հարցին օմբուդսմենը պատասխանում է. «Գիտեք` ճիշտ չի այստեղ տարածքային հարցն ուշադրության կենտրոնում բերել առաջնային պլան: Մենք պետք է հիմք ընդունենք մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքը:

Այդտեղից նրանց հեռանալը չի նշանակում քաղաքական առումով տարածքային տիտղոսի ճանաչում: Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, կարևորությունը հենց դրանում է, որ դու հնարավորություն ես տալիս մարդու շնչել, որ իր իրավունքներն իրականացնի»:

Ըստ Թաթոյանի՝ մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ սահմանային անվտանգության հարցերը լուծելու համար պետք է օգտվել միջազգային մեխանիզմներից. «Օրինակ ես նշեցի` ԵԽԽՎ բանաձևում հատուկ նշված է, որ պետք է սկսել բանակցություններ այդ ուղղությամբ: Տեսեք, սա կարևոր հիմք է արդեն: Մյուսը, օրինակ, կարող ենք դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որի անդամ ենք մենք, գա, գնա, մեր սահմանների գործընթացն ուսումնասիրի, կազմի միջազգային զեկույց, այս դատական մարմինների զեկույցները հիմք կլինեն այլ քայլերի համար, կներկայացվի արդյունքը նույն Հաագայի միջազգային դատարան, Եվրոպական դատարան և այլն»:

Մինչ այդ, միջազգային համայնքից, այդ թվում` եվրոպական կառույցներից հայ-ադրբեջանական վերջին բախումներն անգամ չեն որակվել որպես Ադրբեջանի կողմից ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես հայտարարում է Հայաստանի իշխանությունը, իսկ 2 օր առաջ Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ պաշտոնյաները խոսում էին միջազգային ճանաչված սահմանին արձանագրվող բռնությունների մասին՝ կարևորելով Սոչիում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները։

Սրան զուգահեռ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսի դեսպանը Բաքվում հանդիպել է այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարին ու քննարկել Ադրբեջանի փոխգործակցության հնարավորությունները ՀԱՊԿ-ի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG