Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի լրագրող և հրապարակախոս Էրիկ Զեմուրը հաջորդ տարի կպայքարի նախագահի պաշտոնի համար։ Ազդեցիկ «Ֆիգարո» պարբերականի նախկին մեկնաբան, «Ֆրանսիական թախիծ» և «Ֆրանսիայի ինքնասպանությունը» գրքերի հեղինակ Զեմուրը 2022 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել է այսօր տարածած տեսաուղերձում։
«Դուք չեք արտագաղթել, սակայն այնպիսի զգացողություն ունեք` կարծես այլևս տանը չեք։ Դուք չեք լքել ձեր հայրենիքը, ձեր հայրենիքն է լքել ձեզ։ Ֆրանսիան բարեփոխելու ժամանակն անցել է, այժմ Ֆրանսիան փրկելու պահն է», - դիմելով կողմնակիցներին հայտարարել է Զեմուրը։
Վերջին սոցհարցումների համաձայն` ներգաղթի կտրուկ կրճատման օգտին հանդես եկող Զեմուրի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների մոտ 13 տոկոսը։ Մի շարք հետազոտությունների համաձայն` Էրիկ Զեմուրը 2022 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու իրական շանս ունի։
Զեմուրը 63 տարեկան է, սերում է ալժիրցի հրեաների ընտանիքից։