Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը Երևանին և Բաքվին կոչ է անում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով


ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Միշելը հայտարարել է «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի» մասնակիցների համար տեսագրված ուղերձում։

«Ձգձգված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են հանդիսանում «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի համար։ Պետք է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ ԵՄ պատրաստ է դերակատարություն ստանձնել հակամարտությունների կարգավորման, դրանք կանխելու ուղղությամբ», -հայտարարել է Շառլ Միշելը՝ հավելելով․ - «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վկայում են, թե որքան փխրուն է իրավիճակը։ Որևէ կասկած չունեմ՝ միայն քաղաքական երկխոսությունն է, որ կարող է հանգեցնել հարատև լուծման։ Երկու երկրների քաղաքացիական հասարակությունները ևս կարող են նպաստել դրան՝ կամրջելով հանրությունները և աջակցելով հաշտեցմանն ուղղված ջանքերին»։

Եվրոպական խորհրդի նախագահը շաբաթներ առաջ հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կոչ արել վերսկսել բանակցությունները՝ աշխատելով չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանների սահմանագծումը շարունակելով։ Կողմերն ընդունել են ԵՄ խորհրդի ղեկավարի՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպելու առաջարկը:

Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել էին ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:

XS
SM
MD
LG