Մատչելիության հղումներ

Էրդողանը մանրամասներ է հաղորդել Սոչիի եռակողմ հանդիպումից


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ.

Սոչիի եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, արդյունավետ է անցել, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը, մանրամասնելով՝ այդ մասին տեղեկություններն իրեն է փոխանցել Ադրբեջանի նախագահը՝ Աշգաբատում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Արազի (Արաքս) երկայնքով երկաթուղային և ավտոմոբլիլային ճանապարհներ կառուցելու հարցը լուծված է։ Օրակարգում է մայրուղու կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով և Նախիջևանով՝ հասնելով մինչև թուրքական Իգդիր», - ասել է Էրդողանը, ընդգծելով, թե այդ նախագծերով կողմերը կարևոր քայլ կանեն տարածաշրջանում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման համար։

Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի կողմից առաջ քաշված «3+3» հարթակի մասին։

«Այս ձևաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, և եթե համաձայնեն՝ նաև Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր», - ասել է նա։

Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, թե դեմ է այս ձևաչափին՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով։ Պաշտոնական Երևանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։

XS
SM
MD
LG