Մատչելիության հղումներ

«Օմիկրոնի» տարածումը ​​​​​​​կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով․ ԱՀԿ


Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով, հատկապես պատվաստումների ցածր մակարդակ ունեցող երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Կառույցը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։

Նոր շտամը առաջինը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, հաղորդվում է, որ այն նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Չեխիան, Պորտուգալիան, արդեն հայտնաբերել են «Օմիկրոնով» վարակված հիվանդների, որոշ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կհրապարակի Ամերիկայի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին։

XS
SM
MD
LG