Մատչելիության հղումներ

Հայաստանյան ընդդիմության ու իշխանության առանցքային դեմքեր լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել


Հայաստանի մոտ 20 քաղաքացի թիրախավորվել է Pegasus լրտեսական ծրագրի միջոցով, սա այս պահի դրությամբ. տեղեկատվական անվտանգության ոլորտի հայաստանյան մասնագետները դեռ պարզում են, թե էլ ովքեր են հայտնվել այդ ցանկում։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ասում է՝ վնասակար ծրագրի թիրախում ընդդիմության ու իշխանության առանցքային դեմքեր են։ «Նախկին և ներկա պետական ծառայողներ, և բոլորը մարդիկ են, ովքեր տիրապետել են արժեքավոր պետական գաղտնիքների, ինֆորմացիայի, քաղաքական ինչ-որ ազդեցություն ունեն», - ասաց Պապյանը:

Մասնագետները ենթադրում են՝ քաղաքացիները թիրախավորվել են կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի իշխանությունների պատվերով

Ոլորտի մասնագետները ենթադրում են՝ քաղաքացիները թիրախավորվել են կամ Հայաստանի, կամ էլ Ադրբեջանի իշխանությունների պատվերով։ Չեն բացառում նաև՝ հնարավոր է երկու իշխանություններն էլ պատվիրել են հարձակումները։

«Որքան հասկանում եմ, ամենայն հավանականությամբ, հենց NSO գրուպն ինքն է պատվերով թիրախավորում, կոտրում է հեռախոսը, այնուհետև տրամադրում է միջոց այդ տվյալները տեսնելու, դրանց հասանելիությունը ստանալու», - ներկայացրեց Պապյանը:

Pegasus լրտեսական ծրագրի թիրախում ենթադրաբար նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է հայտնվել։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն այդ մասին վկայող լուսանկարներ է հրապարակել. Apple ընկերությունը զգուշացնող նամակով տեղեկացրել է, որ հնարավոր է նա թիրախավորվել է պետական հովանավորչություն ունեցող ցանցահենների կողմից։ Մինչդեռ նամակում չի նշվում՝ որ երկրի իշխանությունների, նաև չի ասվում, թե ենթադրյալ հարձակումը հենց այդ լրտեսական ծրագրի միջոցով է իրականացվել։

Վանեցյանը մի կողմից պնդում է, թե Հայաստանի գործող իշխանություններն են փորձել իրեն, ընտանիքի անդամներին ու մերձավոր շրջապատին գաղտնալսել, մյուս կողմից էլ չի բացառում Ադրբեջանի իշխանությունների վարկածը։

«Բացառել կամ հաստատել այս պահին չենք կարող, բայց ես կարծում եմ, նույն նամակներից ես հստակ տեղեկություն ունեմ, հենց նոր էլ Ազգային ժողովի դահլիճում պատգամավորներից մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ ինքն էլ է այդ նամակն այսօր ստացել, այո, ընդդիմադիր պատգամավորներից մեկը», - ասաց Վանեցյանը:

Այսօր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է հաստատել, որ Apple-ից ինքը ևս նման նամակ է ստացել։ Հերքում է, թե հարձակման փորձերի հեղինակը կարող էր գործող իշխանությունը լինել։

«Այն, ինչ որ կատարվել է կոնկրետ ինձ՝ որպես քաղաքացի, և այն, ինչ որ իմ շրջապատի մարդկանց հետ, դրանք մենք գնահատել ենք որպես հարձակում կամ ցանկություն Հայաստանի Հանրապետության տվյալ դեպքում առանձին քաղաքացիների, միգուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր», - նշեց նախարարը:

Ըստ մեդիափորձագետի՝ ԱԱԾ-ն պետք է արդեն գործի անցներ՝ պարզելու՝ թե ո՞վ է հարձակումների հեղինակը

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրում են իսրայելական լրտեսական ծրագրի կողմից ենթադրյալ հարձակումների մասին հայտարարությունները։ Մինչ այդ մեդիափորձագետ Արթուր Պապյանն ընդգծում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է արդեն գործի անցներ՝ պարզելու՝ թե ո՞վ է հարձակումների հեղինակը։

«Եթե Հայաստանի քաղաքացիներ են թիրախավորվել այսկերպ և Հայաստանի իշխանությունները չեն թիրախավորողը, կարծում եմ, առաջնահերթ այսօր ԱԱԾ-ն պիտի այդ մարդկանց հետ շփվեր, փորձեր հասկանալ՝ ով էր Հայաստանի քաղաքացիներին թիրախավորել, ինչ նպատակով: Որքան հասկանում եմ, այս պահի դրությամբ, այս հայտարարություններից գրեթե մեկ օր անցել է, որևէ մեկը նրանց հետ կապի դուրս չի եկել, ինչը շատ մտահոգիչ փաստարկ է», - նշեց Պապյանը:

Pegasus լրտեսական ծրագրով կարող են վարակվել և՛ iphone-նները, և՛ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները։ Եթե նախկինում օգտագործողի հեռախոսին հղում էր ուղարկվում ու դրա վրա սեղմելով էր միայն ակտիվանում այն, հիմա առանց այդ գործողության էլ վնասակար ծրագիրն ակտիվանում է հեռախոսում։

Այն հնարավորություն է տալիս կարդալ հեռախոսի հաղորդագրությունները, էլփոստերը, գաղտնալսել զանգերն ու գաղտնի ակտիվացնել միկրոֆոններն ու տեսախցիկները։

Լրտեսական ծրագրից պաշտպանվելու համար, մեդիափորձագետ Արթուր Պապյանն առաջին հերթին խորհուրդ է տալիս համոզվել՝ արդյոք հեռախոսն այնպիսի մոդելի է, որն անընդհատ թարմացվում է։ «Այս պահի դրությամբ թարմացվող iphone-ները, այսինքն քիչ թե շատ նոր մոդելի iphone-ները, որոնք ստանում են ամենամսյա իրենց պարտադիր թարմացումները, արդեն թարմացված են ու այս պահի դրությամբ պաշտպանված են Pegasus-ի այն տարբերակից, որը հայտնաբերվել է: Դա չի նշանակում, էր NSO գրուպն այս պահին նաև չի ստեղծում նոր տարբերակ, որը դա կհաղթահարի, և հենց դա հայտնաբերվի, Apple-ը նաև դա կփակի: Նույն կերպ, օրինակ, Google-ի դեպքում»:

Apple-ն արդեն դատի է տվել իսրայելական NSO Group-ին և նրա մայր ընկերությանը: որին էլ պատկանում է հայտնի լրտեսական ծրագիրը։ Ամերիկյան տեխնոհսկան իսրայելական ընկերությանը մեղադրում է iPhone-ի օգտատերերին հաքերային գործիքների միջոցով թիրախավորելու համար։

Այս տարվա ամռանը միջազգային հետաքննող լրագրողները պարզել էին, որ առնվազն տասը երկրների հատուկ ծառայություններ օգտագործել են NSO Group-ի կողմից մշակված Pegasus ծրագիրը՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին հետևելու համար։ Այդ ցանկում է նաև Ադրբեջանը։ Հայաստանի մասին որևէ անդրադարձ այն ժամանակ չէր եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG