Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. «Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների օկուպացիան»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված ծավալուն հարցազրույցում երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ընդդիմության հետ հարաբերությունների և տնտեսության զարգացման խնդիրներից զատ, անդրադարձել է նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներին: Նա ասել է, որ տվյալ պահին չկան Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպելու համար անհրաժեշտ պայմաններ:

«Ռուսաստանը չի հարգում մեր ինքնիշխանությունը, շարունակում է մեր տարածքների զավթումը, հենց դա է հարաբերությունները վերականգնելու գլխավոր խոչընդոտը»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի հանգամանքը նաև թույլ չի տալիս միանալ «3+3» ֆորմատին, որն առաջարկվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:

Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ 2012-ին, երբ իշխանությունն անցել է «Վրացական երազանքին», Ռուսաստանի հետ ընդհանրապես չի եղել ոչ մի շփում, այդ թվում` տնտեսության և մշակույթի բնագավառներում:

«Նախկին վարչակարգն այն ժամանակ փորձել է գոնե առևտրա-տնտեսական կապերը վերականգնել, առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, չի արգելափակել Ռուսաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վրացական ռազմավարական նշանակության ակտիվներ և հիմնարկներ են վաճառվել ռուսական ընկերություններին, բայց մենք դրա դիմաց այդպես ոչինչ էլ չենք ստացել»,- ասել է Ղարիբաշվիլին:

Տվյալ պահին Ռուսաստանի հետ ուղիղ շփումների պայմաններ չկան, միակ շփումն իրականացվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի մերթ ընդ մերթ տեղի ունեցող հանդիպումների ձևաչափով:

«Դուք գիտեք, որ Աբաշիձեն և Կարասինը առևտրա-տնտեսական և մշակութային հարցերի վրա են աշխատում: Մենք դեմ չենք Ռուաստանի ղեկավարների հետ հանդիպմանը, սակայն դա պետք է լինի հանդիպում արդյունքի, այլ ոչ թե սոսկ հանդիպման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանն այդօրինակ հանդիպումներում իրենց շահերն են հետապնդելու, այդպես է անում ցանկացած նորմալ պետություն, բնական է, որ Վրաստանն ունի իր շահերը, մյուս երկրներն, այդ թվում` հարևանններն, ունեն իրենց շահերը, ուստի, վրաց-ռուսական հանդիպմանը պետք է նախորդի լուրջ կազմակերպական աշխատանք:

Որպես դրական հանգամանք, Ղարիբաշվիլին նշել է, որ 2012-ին ստանձնելով իշխանությունը «Վրացական երազանքը»՝ անսալով արևմտյան գործընկերների հորդորներին, կարողացել է որոշակի դեէսկալացիա ապահովել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Սակայն քաղաքական առումով ոչինչ չի փոխվել:

Վրաստանի Հանրայինին տված հարցազրույցում վարչապետը, բնականաբար, խոսել է ընդդիմության մասին, ասելով, թե իրեն բնավ չի հետաքրքրում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների կամ ամերիկացի որոշ կոնգրեսականների քննադատությունը Թբիլիսիի հասցեին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կալանքի տակ պահելու համար:

«Դուք շատ լավ գիտեք, որ նախկին նախագահը Եվրոպայում և Ամերիկայում ունի, ասյպես ասեմ, «բարեկամների ակումբներ»: Նախկին վարչակարգը միլիոններ է ծախսել այդ «բարեկամների» հետ սերտ կապեր ապահովելու համար, ընդ որում այդ միլիոնները պետական բյուջեից էին: Մենք անցած 9 տարիների ընթացքում ապացուցել ենք, որ կարող ենք գործով պատասխանել նախապես ծրագրված տեղեկատվական և հոգեբանական պատերազմին: Անցած 9 տարում մենք շատ բնագավառներում լուրջ առաջընթաց ենք ապահովել, այնպես որ այդ մարդկանց հայտարարություններն ինձ համար՝ որպես վարչապետի, բացարձակ հետաքրքիր չեն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին և ավելացրել.- «Դա ոչ էլ մեր ժողովրդին է հետաքրքիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG