Ընտրական ինստիտուտի նկատմամբ հանրության վստահությունը մեծանում է, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ սա եղել է իր քաղաքական թիմի և կառավարության կարևոր հանձնառությունը։ «Մենք այդ ճանապարհով գնալու ենք», - ասել է վարչապետը։
Փաշինյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին [Գորիսում ՏԻՄ ընտրություններում հաղթել է համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքը: Ընտրական խախտումների համար մեղադրվող 30-ամյա Առուշանյանը կալանավորված է], շնորհավորել հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին։
Շեշտելով, որ Հայաստանում ընտրական համակարգը կատարյալ չէ՝ գործադիրի ղեկավարը կարևորել է, որ քաղաքացին վստահ լինի՝ իր ընտրությունն է որոշիչը: «Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Սյունիքի խնդիրները կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են»
Սյունիքի խնդիրները կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով մարզի խնդիրներին։
«Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել: Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով՝ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է:
Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին: