Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է, բարդություններ չեն նկատվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունից ստեղծված խորհրդի անդամ բժիշկներից մեկը։
Ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն շաբաթ օրն առաջին անգամ խմբի այլ մասնագետների հետ այցելել է Սաակաշվիլիին Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։ Երեկ նրանք գրեթե ամբողջ օրն անցկացրել են կլինիկայում:
Երեկ Վրաստանի նախկին նախագահին այցելել է նաև նրա անձնական բժիշկը: Նա լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլիի՝ հացադուլից դուրս գալու գործընթացը հաջող է սկսվել։
Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց հետո վրացի ընդդիմադիրները, նախկին նախագահին հետևելով, նույնպես որոշեցին դադարեցնել հացադուլը։ «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոստարիան, ով 17 օր հացադուլի մեջ էր, վերականգնողական կուրս է անցնում։ Ընդդիմությունը խոստանում է շարունակել պայքարը Սաակաշվիլիի ազատ արձակման համար, բայց՝ այլ մեթոդներով։
Վրաստանի նախկին նախագահը վերականգնողական կուրս է անցնում։ Միխեիլ Սաակաշվիլին ուրբաթ օրը որոշեց դադարեցնել 50-օրյա հացադուլը, երբ իշխանությունները համաձայնեցին նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գորիի զինվորական հոսպիտալ։
Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադառնալուն պես։ Պաշտոնաթողությունից հետո Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, և երկու գործով դատարանը նրան հեռակա ազատազրկման է դատապարտել 9 տարի ժամկետով։ Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժն առաջնորդող քաղաքական գործչի դեմ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է, երբ նա արդեն բանտում էր՝ պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածով։