Ավստրիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը քաղաքացիների պատվաստումը կորոնավիրուսի դեմ դարձրեց պարտադիր։
Երկրի բնակիչները պետք է ամբողջությամբ պատվաստվեն մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը։ Բացի այդ, իշխանությունները 10 օրով համընդհանուր լոքդաուն են հայտարարել, որը կարող է նաև երկարաձգվել մինչև 20 օրով։
Կորոնավիրուսի վարակակիրների թվի աճի պատճառով Ավստրիայի կառավարությունը կոշտ սահմանափակումներ է մտցրել երկրի չպատվաստված քաղաքացիների համար։ Նրանց արգելվում է տնից դուրս գալ առանց հարգելի պատճառի։ Հանրային վայրերը չպատվաստվածների համար փակ են նույնիսկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության պարագայում։
Ավստրիայում պատվաստված է բնակչության մոտ երկու երրորդը։ Սա Արևմտյան Եվրոպայում ամենացածր ցուցանիշներից է։ Չպատվաստված բնակչության թիվը շուրջ 2 միլիոն է։