Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը մնում է ՀՀ տարածքում․ԱԳՆ


Երեկ սահմանին տեղի ունեցածը հետևանք է նաև միջազգային գործընկերների ու հանրության՝ ադրբեջանական ագրեսիային պատշաճ և հասցեական չարձագանքելու, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն՝ ընդունելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ»,-արձանագրել է Արարատ Միրզոյանը, շեշտելով՝ Հայաստանն ակնկալում է, որ իր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունը՝հորդորելու Բաքվին դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։
Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։
Հայաստանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային պայմանագրերը՝ Միրզոյանը պնդել է, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:

Միրզոյանը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստանի հետ սահմանագիծ, Հայաստանի տարածք, «փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից»։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը», - եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG