ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ նման մեղադրանքն է առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս մերժել է ներկայանալ ԱՄՆ օրենսդիր մարմին՝ պատասխանելու Կապիտոլիումի վրա հարձակման հանգամանքներին վերաբերող հարցերին։ Այդ հարձակումը ԱՄՆ -ի իրավապահ մարմիններից բացի, հետաքննում է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը։
Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։
Ամբոխը Կապիտոլիումի բլուր էր ուղևորվել նախկին նախագահի հրավիրած հանրահավաքից անմիջապես հետո և նրա ցուցումով։ Այդ իրադարձությունների կապակցությամբ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց ԱՄՆ 45-րդ նախագահին։