Մատչելիության հղումներ

Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատին՝ համապարփակ լուծում գտնելու համար


Եվրամիության արտգործնախարարի խոսնակ Պետեր Ստանո, արխիվ
Եվրամիության արտգործնախարարի խոսնակ Պետեր Ստանո, արխիվ

Թեև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգ է առել, սակայն հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ պետք է լուծվեն` առաջ շարժվելու դեպի բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորում, հայտարարում է Եվրամիությունը:

Նոյեմբերի 9֊ի հրադադարի մեկ տարվա կապակցությամբ Միության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարությամբ Բրյուսելը կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, լիակատար համագործակցություն ծավալել ականազերծման և սահմանային շրջաններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակում է մնալ հավատարիմ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը, Ստանոն հիշեցնում է, որ Բրյուսելը կարևոր դեր է խաղացել ձերբակալվածների ազատ արձակման և ականների քարտեզների փոխանակման հարցում: «Եվրամիությունը նաև աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց` ավելի քան 17 միլիոն եվրո տրամադրելով մարդասիրական նպատակների համար, այդ թվում` ականազերծման և վերականգնման», - ասված է հայտարարությունում:

Եվրամիության արտգործնախարարի խոսնակը կրկնել է` Միությունը պատրաստ է նաև աջակցել կողմերին սահմանային լարվածության թուլացման և դելիմիտացիայի հարցերում` տրամադրելով տեխնիկական աջակցություն,ե թե կողմերը դրա կարիքը կունենան: Բացի այդ, Բրյուսելը նաև քաջալերել է կողմերին՝ վերաբացել տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում:

«Առաջ նայելով` ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանն ու տառապանքին վերջ տալու համար անհրաժեշտ է համապարփակ կարգավորում: Այդ նպատակին հասնելու համար Եվրամիությունը կշարունակի ակտիվ կապի մեջ լինել միջազգային դաշնակիցների, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և լիովին աջակցում է նրանց մանդատին` Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված խնդիրների համապարփակ լուծումը գտնելու համար», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն:

XS
SM
MD
LG