«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում հանրահավաքում հայտարարեց ազգային դիմադրություն ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին: Նա նշեց` իրենք 8 ամիս փողոցում պայքարել են, բայց դեռ իրենց ուզածին չեն հասել. իշխանափոխության են ուզում հասնել:
«Ազատության հրապարակից հիմք ենք դնում համազգային դիմադրության», - ասաց նա:
Դաշինքի ներկայացուցիչները համոզված են` ներկայիս իշխանությունները խաղաղասիրական գաղափարներով տանում են նոր կապիտուլյացիայի ու Արցախի հայաթափման:
Նա ասաց` դիմադրության երկու ճակատ պետք է ձևավորվի` արտաքին ու ներքին. «Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին և մասնավորապես մեր թշնամիներին պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, չունի մանդատ` երկիրը տանելու նոր զիջումների»: Իսկ ներքին դիմադրության համար Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին տարբեր ոլորտներում ձևավորել մեծ ու փոքր դիմադրություններ:
Դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում նախ խոսեց պատերազմից. «Իշխանությունն արեց ամեն ինչ` պատերազմը անխուսափելի դարձնելու համար` ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջական դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Այս իշխանությունն արեց ամեն ինչ` այս պատերազմում պարտվելու համար», -ընդգծեց նա:
Դելիմիտացիան նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր ելույթում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը` շարունակելով. «Եվ դու ուղղակի ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի ներսում: Սա ուղղակի վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորմանը, սա նշանակում է, որ մնալու է մեկ լուծում` Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու: Սա է իրականությունը»:
Նա նաև շեշտեց` բացառվում է թույլատրել հիմա ստորագրել փաստաթուղթ` «սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան, և կանխորոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը»: Բացի այդ, նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հարցը, սահմանազատումն ու սահմանագծումը և անվտանգային հարցերը պետք է մեկ փաթեթով դիտարկել ու հենց այդպես բանակցել:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի` այս ամենից խուսափելու համար բոլորով պետք է միավորվել` այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդելով` ամեն մեկն իր հնարավորությունների չափով:
«Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց չի լինելու, ամեն ինչ կախված է ձեզանից», - ասաց նա:
«Պայքարելու ենք, և վստահ եղեք` սրանց մենք վռնդելու ենք կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջը կանգնած եմ լինելու», - հայտարարեց դաշինքի ղեկավարը: