Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնակատարը հորդորում է Արցախ մտնելու պայմաններ ստեղծել մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների համար


Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ, արխիվ
Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ, արխիվ

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը հորդորում է Ղարաբաղ մտնելու արդյունավետ ու ճկուն պայմաններ ստեղծել մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների համար։

44-օրյա պատերազմից ու հրադադարի եռակողմ պայմանագրից մեկ տարի անց Դունյա Միյատովիչն արձանագրում է՝ հումանիտար, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը հետևող կառույցները ավելի ու ավելի հաճախ են խոչընդոտների հանդիպում հակամարտությունից տուժած տարածքներ այցելելիս։

Իրավիճակը փոխելու համար ԵԽ հանձնակատարն անհետաձգելի քայլերի մի ցանկ է հրապարակել՝ հորդորելով տեղահանվածների ու փախստականների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր իրականացնել բացառապես այդ մարդկանց ցանկությամբ, փոխանակել տեղեկություններ մարդկային կյանքեր խլող ականների վերաբերյալ, երաշխավորել գերիների իրավունքների պաշտպանությունն ու վերադարձը։

«Բազմաթիվ ընտանիքներ դեռ զգում են հակամարտության հետևանքները, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին, կամ որոնց հարազատներն անհայտ կորած են: Հետևաբար, կարևոր է, որ այս հարցի հետ կապված բոլոր գործողությունների կենտրոնում լինեն անհայտ կորածների ընտանիքների կարիքներն ու իրավունքները, այդ թվում՝ ճշմարտությունն իմանալու նրանց իրավունքը», - հայտարարել է հանձնակատարը:

Միյատովիչը նաև հորդորել է հակամարտության կողմերին՝ վճռական քայլեր ձեռնարկել ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտեցմանը:

XS
SM
MD
LG