Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց բարձր դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։
Օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դեռ այս տարվա մարտին բարձր դատարան էր դիմել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը երկու անգամ հրաժարվել էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը, և այն ուժի մեջ էր մտել օրենքի ուժով։
Փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։