Միացյալ Նահանգների և Թուրքիայի առաջնորդներն այսօր անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Սպիտակ տունը հայտնում է` Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը երկու երկրների նախագահները ի թիվս այլ հարցերի խոսել են նաև Աֆղանստանում հումանիտար իրավիճակի, Լիբիայում ընտրությունների, Միջերկրական ծովում տիրող իրավիճակի մասին։
ԱՄՆ նախագահը կրկին մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու կապակցությամբ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի առաջարկին, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է համապատասխան ընթացակարգեր կատարի։
Պաշտոնական Անկարան էլ նշում է, թե «հանդիպումն անցել է շատ դրական մթնոլորտում», և երկու առաջնորդները համաձայնել են միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար»։
«Մենք պատրաստվում ենք լավ երկխոսություն ծավալել»,- հայտարարել էր Բայդենը ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպումից առաջ։ ԱՄՆ նախագահը չէր պատասխանել հարցին՝ արդյոք Թուրքիան չափից ավելի չէ սերտացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Թուրք-ամերիկյան ռազմավարական կապերը սկսեցին սրվել 2017-ից, երբ Անկարան հայտարարեց, թե պատրաստվում է ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնել։ Չնայած Վաշինգտոնի հորդորներին ու պատժամիջոցներին՝ Էրդողանը Պուտինի հետ այդ գործարքից չի հրաժարվում։