Մատչելիության հղումներ

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. Չավուշօղլու


Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Լրագրողները արտգործնախարարից հարցրել են՝ ինչպե՞ս է Անկարան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային», - ասել է նա։

Այս շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը»։

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, պնդել է, թե այս հարցում որևէ մեկը չի կարող մեղադրել Անկարային։ «Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում արտադրված զինատեսակների, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չենք մեղադրել։ Ուկրաինան էլ պետք է դադարի մեր երկրի անունն օգտագործելուց»,- ասել է Չավուշօղլուն։

Կիևը հայտարարում է, թե իր զինանոցում 12 թուրքական անօդաչու ունի, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Երկու երկրները նաև մտադիր են «Բայրաքթարների» համատեղ արտադրություն սկսել։

XS
SM
MD
LG