Վաշինգտոնը պահանջում է կրճատել երկրում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվաքանակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ խոսքը դիվանագիտական և վարչա-տեխնիկական անձնակազմի 55 անդամների մասին է։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները ԱՄՆ տարածքը պետք է լքեն առաջիկա ամիսներին։
«Ամերիկյան կողմի գործողությունները, ըստ էության, հավասարազոր են արտաքսման», - նշել է Զախարովան։
Այս պահին ԱՄՆ տարածքում Ռուսաստանի Դաշնության երեք դիվանագիտական ներկայացուցչություն գոյություն ունի՝ Վաշինգտոնում գտնվող դեսպանատունը և Հյուսթոն ու Նյու Յորք քաղաքներում գործող գլխավոր հյուպատոսությունները, որոնցում շուրջ 200 մարդ է աշխատում։
«Ռուսաստանյան անձնակազմի կրճատումը էլ ավելի կվատթարացնի իրադրությունը դիվանագիտական ճակատում», - հայտարարել է Մարիա Զախարովան։