Չպատվաստված չորս ռուսաստանցիներից երեքը հայտնել է, որ չի ցանկանում վակցինա ստանալ կորոնավիրուսի դեմ: Այդ մասին են վկայում Gallup ընկերության անցկացրած հարցումների արդյունքները:
Դեռևս չպատվաստված մարդկանց 75 տոկոսն ասել է, թե չի ընդունի COVID-19 հիվանդության դեմ անվճար պատվաստվելու առաջարկը, 25 տոկոսն ասել է, որ անպայման կպատվաստվի:
Արդյունքները վկայում են այն մասին, որ բնակչության մեծ մասը պատվաստելու և կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետ ապահովելու Ռուսաստանի կառավարության ծրագիրը կարող է ձախողվել:
Մասնագետների համոզմամբ, Ռուսաստանում նոր ախտահարումների և մահացության թվի աճը պայմանավորված է զանգվածային պատվաստման ծացր ցուցանիշի հետ:
Նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարվում է վճարովի ոչ աշխատանքային շաբաթ, ինչի նպատակն է զսպել համավարակի տարածումը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբի տվյալներով համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում COVID-19-ից մահացել է ավելի քան 236 հազար մարդ, սակայն BBC բրիտանական հեռուստառադիոկայանը՝ հղում անելով Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայությանը (Росстат), հայտնում է, որ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 417 հազարը: