Մատչելիության հղումներ

Այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման և սահմանագծման համար․ ԱԽ քարտուղար


Այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար, այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է։

«Միակ իրավական հիմքով քարտեզը, 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է ՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա։ Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, դրանք քննարկվել են բանակցությունների ժամանակ», - ասաց ԱԽ քարտուղարը։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանազատման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց, որ հայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահամանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար։

Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Հայկական կողմը սպասում է դրական ազդակի։

«Քննարկում է սկսվել աշխատաքներ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ։ Այս հարցն օրակարգում է, և եթե Ադրբեջանը պատրաստակամություն ունենա դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու և այն ավարտին հասցնել, պետք է որ որևէ խնդիր չլինի», - ասաց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ

Օրերս Ֆիզուլի այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ։

Հարցին, թե Թուրքիան նախապայմաններո՞վ է խոսում, Գրիգորյանը պատասխանեց՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։

«Այս մասին Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող է առաջ գնալ այս գործընթացը, և կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մասնակցում էր Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, այնուհետև Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին: Ալիևն ասել է, թե ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմելու:

Հարցին, թե Թուրքական կողմն արդյո՞ք առաջ է քաշում «Զանգեզուրի միջանցքի» հարցը հարաբերությունների կարգավորման համատեքստում, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ - «Ես չեմ նկատել որևէ խոսք Թուրքիայի նախագահի կողմից։ Վերջերս Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն է նաև ասել, որ միջանցքի տրամաբանության հարց չի քննարկվում։ Անհասկանալի է որևէ մեկի կողմից այս թեմայի շահարկումը՝ որևէ գործընթացի տրամաբանության շրջանակներում»

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG