Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է Դոնբասում թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքի առաջին մարտական կիրառման մասին՝ Ֆեյսբուքում հրապարակած հաղորդագրությունն ուղեկցելով տեսանյութով։
Հաղորդագրության համաձայն, Bayraktar-ն օգտագործվել է երեկ՝ ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրամանով։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաղորդում է, որ անօդաչուից կառավարվող ռումբով հարված է հասցվել «ռուսական ահաբեկչական խմբավորումների» D-30 հաուբիցին, որից ուկրաինական զինված ուժերի դիրքերի գնդակոծման հետևանքով մի զինծառայող զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։
Bayraktar-ը, ինչպես վստահեցնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը, ոչնչացրել է ռուսամետ անջատականների մարտկոցի հրետանու միավորներից մեկը՝ առանց հատելու շփման գիծը, ինչից հետո ուկրաինական զինուժի դիրքերի գնդակոծումը դադարել է։
Պաշտոնական Կիևը այս պահին իր զինանոցում ունի 12 միավոր Bayraktar, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Թուրքիան և Ուկրաինան Bayraktar-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, ինչպես նաև մտադիր են այդ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։
Ուկրաինայի արևելքում 2014 թվականի փետրվարից սկիզբ առած զինված հակամարտության հետևանքով զոհվել է շուրջ 13 հազար մարդ։