Եվրամիության և դրա անդամներից մեկի՝ Լեհաստանի իրավական վեճը հասել է Եվրախորհրդարան, որտեղ այսօր իրենց փաստարկներն են ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դր Լայենը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին:
Ո՞ր օրենսդրությունը գերակայություն ունի՝ Լեհաստանի՞, թե՞ Եվրամիության, այս է խնդիրը, որն օրակարգ է եկել այն բանից հետո, երբ Լեհաստանի սահմանադրական դատարանը հոկտեմբերի 7-ին վճռել է, որ համաեվրոպական օրենքների մի շարք դրույթներ հակասում են Լեհաստանի մայր օրենքին:
Լարվածությունը հասել է այն աստիճանի, որ եվրոպական և լեհական քաղաքական շրջանակներում ահազանգել են Եվրամիության փլուզման վտանգի մասին և «Բրեքզիթի» հետ զուգահեռ անցկացնելով՝ սկսել են կիրառել «պոլեքզիթ» եզրույթը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ներկայացրել է Լեհաստանի սահմանադրական դատարանի եզրակացության վերաբերյալ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը:
«Եվրախորհրդարանի մեծարգո անդամներ, հանձնաժողովն այս պահին ուշադիր վերլուծում է այդ եզրակացությունը, սակայն այսօր ես արդեն կարող եմ ձեզ ասել, որ խորապես մտահոգված եմ: Այդ եզրակացությունը կասկածի տակ է դնում ամբողջ Եվրամիության հիմքերը: Դա ուղղակի մարտահրավեր է եվրոպական իրավական համակարգին»,- ասել է ֆոն դր Լայենը:
Նա նշել է, որ անդամ երկրի նմանօրինակ կեցվածքն անհետևանք չի մնա, կան դրան արձագանքելու տարբեր մեխանիզմներ:
Իսկ լեհերը հավաստիացնում են, որ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին ասեկոսեներն անհիմն են: «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության լիդեր, վարչապետ Մատեուշ Մորավյեցկին Ստրասբուրգում ասել է, որ Եվրամիությունը ճիշտ չի ընկալում Լեհաստանի սահմանադրական դատարանի եզրակացությունը և չարաշահում է լիազորությունները:
«Եվրախորհրդարանի մեծարգո անդամներ, ես գիտակցում եմ, որ Լեհաստանի սահմանադրական դատարանի եզրակացությունը թյուրըմբռնման առիթ է դարձել, ես ինքս կզարմանայի, եթե միության որևէ անդամ երկիր միության պայմանագրերն ուժը կորցրած և առ ոչինչ հռչակեր, բայց նախևառաջ ես կփորձեի հասկանալ, թե ինչ որոշում է կայացվել, այդ նպատակով եմ ես այստեղ մասնակցում բանավեճին, ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր սահմանադրական դատարանի որոշման էությունը, այլ ոչ թե շարունակել հեքիաթներն ու ստերը, թե, իբր, Լեհաստանը դուրս է գալիս միությունից կամ նահանջում է օրենքի գերակայությունից»:
Մինչդեռ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդում է, որ Լեհաստանի սահմանադրական դատարանի վճիռը մեծ սպառնալիք է ամբողջ միության համակարգին:
«Մեծարգո անդամներ, մենք չենք կարող և թույլ չենք տա վտանգի ենթարկել մեր ընդհանուր արժեքները, հանձնաժողովը կգործի, և մեր գործիքակազմը հայտնի է՝ մենք կարող ենք իրավական եղանակով բողոքարկել Լեհաստանի սահմանադրական դատարանի որոշումն, ինչի արդյունքում Լեհաստանի նկատմամբ կսահմանվեն տուգանքներ: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ Եվրամիությունը Լեհաստանին կարող է նախապայմաններ ներկայացնել կամ կիրառել ֆինանսական սահմանափակումներ, Լեհաստանի կառավարությունը պետք է մեզ բացատրի, թե ինչպես է սահմանադրական դատարանի այդ որոշման պայմաններում պաշտպանելու եվրոպական ֆինանսական միջոցները»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:
Ենթադրվում է, որ Բրյուսելը Վարշավային կարող է զրկել միության բյուջեից, այդ թվում հետհամավարակային վերականգնման հատուկ հիմնադրամի միջոցներից, ինչը մեծ հարված կլինի Լեհաստանի տնտեսության համար: Սակայն լեհերը համառում են և ասում, թե այդ ճնշումներին չեն ենթարկվի:
«Այս ամենը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ է ասել՝ «բա՛վ է, վե՛րջ», Եվրոպական միությունն ունի իր լիազորությունների հստակ սահմանները, և մենք չենք լռի, եթե փորձ արվի հատել այդ սահմանները, դրա համար մենք ասում եք «այո» եվրոպական ունիվերսալիզմին և «ոչ» եվրոպական ցենտրալիզմին»,- Ստրասբուրգում հայտարարել է Մորավյեցկին:
Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը «ոչ թե մեկ հզոր պետություն է կենտրոնացված համակարգով, այլ 27 անկախ և հավասար պետությունների միավորում, որտեղ յուրաքանչյուր երկրի համար բարձրագույն արժեք պետք է լինի ինքնությունը պաշտպանող ազգային մայր օրենքը»:
Մինչդեռ, Եվրամիության լիդերների համոզմամբ, բոլոր անդամների ազգային ինքնությունը միշտ եղել է և կլինի գերագույն արժեք, սակայն բնականոն գործունեության համար անհրաժեշտ է, որ օրենքի առաջ հավասար լինեն բոլոր անդամ երկրները:
Խնդրին են անդրադարձել նաև Լյուքսեմբուրգում ժողով գումարած Եվրամիության երկրների եվրոպական գործերով նախարարները: Հնչեցվել են կոշտ տեսակետներ: Գերմանիայի պատվիրակ Մայքլ Ռոթն ասել է, որ այստեղ փոխզիջման տեղ չկա:
«Այս քննարկման ավարտին հարկ է հստակ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորություններին, չի կարող լինի որևէ հատուկ գործարք և առանձին պայման որևէ անդամի համար»,- ասել է Ռոթը:
Էլ ավելի վճռական է արտահայտվել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը.- «Եվրամիությունը չի մարսի օրենքի գերակայությունից հրաժարվելը, միությունը պարզապես կմահանա, դա պետք է գիտակցեն ոչ միայն այն երկրներում, որտեղ ճանաչում են օրենքի գերակայությունն, այլև այնտեղ, որտեղ մտածում են, թե այն այդքան էլ կարևոր չէ: Եթե օրենքի գերակայությունը կասկածի տակ են առնում, ուրեմն պայքարում են իշխանության համար, իսկ Եվրոպան դա չի կարող հանդուրժել: Եվրոպան կառուցվել է դեմոկրատիայի, ազատության, հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա»:
Ըստ Լեհաստանի նախագահի, Եվրամիությունը փորձում է միջամտել առանձին երկրի ներքին գործերին
Լիտվայում այցով գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, թե Եվրամիությունը փորձում է միջամտել առանձին երկրի ներքին գործերին, ինչը Լեհաստանի համար անընդունելի է:
«Տիկնայք և պարոնայք, մեզ պետք է համագործակցող Եվրամիություն, ազատ ժողովուրդների և հավասար պետությունների միություն, երբ անդամակցել ենք՝ միությունն այդպիսին էր, և մենք ուզում ենք, որ այն այդպիսին մնա, միջամտությունը երկրների ներքին գործերին համարում եմ վտանգավոր ոչ միայն Լեհաստանի, այլև բոլոր անդամների համար»,- Վիլնյուսում Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած ընդունելության ընթացքում ասել է Դուդան:
Վարշավայի մոտեցումը քննադատող եվրապատգամավորների համոզմամբ, Լեհաստանի ներկայիս վարչակարգը կիրառում է ավտորիտար գործելակերպ, ճնշում է խոսքի ազատությունը և փորձում է հսկողության տակ առնել դատարանները և դա լեգիտիմացնելու համար էլ սահմանադրությանը հակասող է որակում համաեվրոպական կանոնները: