Մատչելիության հղումներ

«Էրդողանի անունը պատմության մեջ արդեն գրվել է որպես ավտորիտար առաջնորդ»․Դեմիրթաշը բանտում հարցազրույց է տվել


Սելահաթդին Դեմիրթաշ
Սելահաթդին Դեմիրթաշ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախկին համանախագահ, ընդդիմադիր գործիչ Սելահաթդին Դեմիրթաշը, որը շուրջ 5 տարի անազատության մեջ է, բանտում ուշագրավ հարցազրույց է տվել՝ անդարդառնալով Թուրքիայի ներքաղաքական կյանքի մի շարք կարևոր դրվագների:

Բանտ տեղափոխվելուց ի վեր նա առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել է լրագրողի՝ թուրքական «Քըսա Դալգա» պարբերականի սյունակագիր Բերիլ Էսքիին:

Զրույցի ժամանակ Դեմիրթաշը նշել է, որ իշխանությունների կողմից իր առաջնորդած քաղաքական ուժի նկատմամբ ճնշումներն ու ընդդիմադիրների հետապնդումների գլխավոր պատճառը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ենթադրյալ կապն է Քրդական բանվորական կուսակցության հետ:

«Սա սխալ մոտեցում է. ԺԴԿ-ն իր աջակիցներից բացի ոչ ոքի չի ներկայացնում, իսկ զինված խմբավորման առհասարակ չի կարող ներկայացնել, ոչ էլ դրա քաղաքական թևն է հանդիսանում: Մեր կուսակցությունը պայքարում է հանուն ժողովրդավարության և իր շարքերում ունի բոլոր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ», - ասել է Դեմիրթաշը:

Խոսելով տարիներ առաջ իշխանությունների սկսած Քրդական հարցի լուծման գործընթացի ձախողման պատճառների մասին՝ քուրդ ընդդիմադիր գործիչը ասել է, թե այն բավարար թափանցիկ չէր, չէր բերվել խորհրդարանի օրակարգ՝ այսպիսով խոչընդոտելով ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը այդ կարևոր պրոցեսին:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նախագահ Թայիփ Էրդողանը նպատակ ունի վերսկսել այդ գործընթացը, ինչի մասին ակնարկել էր անցած հուլիսին Դիարբեքիր այցի ժամանակ, Դեմիրթաշը համոզմունք է հայտնել, որ նախագահը վստահաբար նման մտադրություն չունի:

«Նա հրապարակավ հայտարարում է, թե Քրդական հարց չկա, ինչպե՞ս կարող է սկսել լուծել իր կարծիքով գոյություն չունեցող հարցը: Բացի այդ, ես վստահ եմ, որ Էրդողանը շատ է զղջում լուծման գործընթացը վիժեցնելու համար: Այդ օրվանից ի վեր նա այլևս նույնը չէ: Կորցրած հեղինակությունը փորձեց լրացնել՝ գնալով դառնալով ավելի ավտորիտար։ Նրա քաղաքականության սկզբունքորեն հակասում է ժողովրդավարությանը: Վերջին հինգ տարում նա լավ սայթաքեց և անդառնալիորեն զիջեց դիրքերը: Նրա անունը պատմության մեջ արդեն գրվել է որպես ավտորիտար առաջնորդ»,- ասել է Դեմիրթաշը:

2023 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դեմիրթաշը չի բացառել արտահերթ ընտրությունների հավանականությունը՝ հավելելով՝ «երկրում կայուն կառավարում չկա և ամեն րոպե տնտեսությունը կարող է փլուզվել»:

Խոսելով իր թիմակիցների նկատմամբ ճնշումների մասին՝ Դեմիրթաշը նաև չի բացառել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փակումը, ինչի առնչությամբ հայցը Սահմանադրական դատարանում է գտնվում:

«Կուսակցության փակման վտանգ կա և դա քաղաքական որոշում կլինի: Բայց ոչ ոք թող չանհանգստանա, մեր ընտրողների ոչ մի քվե չի կորելու, այդ ձայները իրենց դերը կխաղան և խորհդարանական, և նախագահական ընտրություններում», - նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ քրդամետ կուսակցության դեմ սկսված պայքարը միայն ավելացնում է իրենց հետևորդներին:

Օրերս թուրքական T24 պարբերականի հոդվածագիր Մուրադ Սաբունջուին տված գրավոր հարցազրույցում էլ Դեմիրթաշը նշել էր, որ Թուրքիայում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է:

«Առանց ձախերի, քրդերի և այլախոհ մյուս հատվածների ժողովրդավարություն կառուցելը նման է առանց լոլիկի և հավկիթի ձվածեղ պատրաստելուն», - ասել էր Դեմիրթաշը՝ ընդդիմադիր կուսակցություններին կոչ անելով միավորվել:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 2023-ի նախագահական ընտրություններին պատրաստվում է առաջադրել իր կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին, Սելահաթթին Դեմիրթաշը նշել է, որ կուսակցության օրակարգում նման հարց չկա: Միևնույն ժամանակ ընդգծել է՝ ուրախ կլինի, եթե Թուրքիան կին նախագահ ունենա:

2016 թվականի նոյեմբերից կալանավորված Դեմիրթաշը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

XS
SM
MD
LG