Չնայած Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում քիչ չեն մարդիկ, ովքեր նախկին իշխանությունների օրոք ակտիվորեն մասնակցում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը, սակայն երեք օր է գործող իշխանությունները լռում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ, թե Հայաստանի իշխանությունները հետաքրրքված են երկրում ռուսական դպրոցների բացմամբ։
Զորօրինակ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե նախարարությունը չի մեկնաբանում հայտարարությունը՝ խորհուրդ տալով դիմել կառավարություն։
Կառավարությանը հասցեագրված «Ազատության» հարցումը դեռ անպատասխան է։
Ռուսաստանն այսօր ձգտում է ընդլայնել իր գաղութային քաղաքականությունը մեր երկրում, այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Լավրովի խոսքերին՝ կարծիք հայտնեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը. - «Բոլորս հասկանում ենք էն ֆունդամենտալ, բազմակողմանի վտանգները, որը սպառնում է մեր պետականությանը, ինքնիշխանությանը, ինքնությանը և այլն, և այլն։ Եվ սա մեկն է մի քայլերից, որ Ռուսաստանի Դաշնությունը, օգտվելով մեր պարտությունից, թուլությունից, էսպես ասեմ՝ ոչ ամենալավ օրերն են հայ ժողովրդի և հայ պետականության համար, փորձում է ստանալ առավելություն»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, ներկայում Հայաստանում կան հինգ ռուսական դպրոցներ, որոնք բացառապես գործում են այստեղ տեղակայված ռուսական զորամիավորումների համար։
«Այդ թվում Վալենտինա Մատվիենկոյի [Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար] նախաձեռնությամբ Տաջիկստանում ստեղծվում են ռուսական հինգ դպրոցներ՝ մեր մեթոդաբանության հիման վրա ստեղծված ուսուցման ամբողջական ծրագրով։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջերս հայաստանյան նոր ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», - ըստ РИА Новости լրատվական գործակալության, հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնխարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում։
Պատերազմի հետևանքով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից ամիսներ անց՝ այս տարվա մարտին, Արցախի կառավարությունը հավանություն տվեց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուն։
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվ անդամներից էր վարչապետի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ցանցային կառույցը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության չունի ղեկավար մարմին։ Շատ բնական կլիներ, որ ինքը [Արայիկ Հարությունյանը] պիտի արձագանքեր։ Ամեն մեկս իր տեղում հրապարակային արձագանքում է։ Ես արդեն սոցիալական ցանցերի հնարավորությունն էլ եմ օգտագործում։ Հետո արդեն պետք է լինեին հանդիպումներ, քննարկումներ», - ասում է Արմեն Հովհաննիսյանը։
Ռուսաստանի հետ առնչությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն ռուսական դպրոցների շուրջ աղմուկով։ Լավրովի հայտարարության օրը հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար մարմինը՝ Սինոդը, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած Ռուս ուղղափառ, Հայ առաքելական եկեղեցիների և Ադրբեջանի մահմեդականների առաջնորդի եռակողմ հանդիպումից հետո, աննախադեպ որոշում է կայացրել Հայաստանի տարածքում հիմնել Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ։
Մոսկովյան Новая газета-ն պատրիարք Կիրիլի առաջնորդությամբ կայացրած այդ որոշումը բնութագրել է որպես քայլ, որը դավանական իրավունքի տեսանկյունից նշանակում է չճանաչել Գարեգին Երկրորդի գլխավարությամբ գործող հայկական նվիրապետությունը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարագի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հոկտեմբերի 13-ի մոսկովյան հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել է այդ հարցը պատրիարք Կիրիլի հետ. - «Նույն հաջողությամբ Հայ առաքելական եղեկեցին աշխարհի շատ երկրներում, եթե ոչ բոլոր, ապա երկրների մեծ մասում ունի թեմեր, և ոչ մի խոչընդոտ չկա Հայ առաքելական եկեղեցու ընդառաջ, որ այս կամ այն երկրում թեմեր բացի՝ ի սպասավորություն իր հոգևոր հոտի, մեր հայրենակիցների։ Հայ առաքելական եկեղեցին միանշանակ ողջունում է [Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ բացելը Հայաստանում]»։
Տեր Եսայու խոսքով, Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում թեմ բացելու որոշմանն է հանգել, հավանաբար, Արցախում ռուս խաղաղապահների առկայության պատճառով։
Նշենք, որ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ չի եղել անգամ ցարական Ռուսաստանի ժամանակ, եղել են ծխական համայնքներ։