ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում շաբաթվա վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ՝ առաջիկա օրերին այցելելու է Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա, հայտնում է Պենտագոնի կայքը։
Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը, ՆԱՏՕ-ի բնորոշմամբ՝ Ռուսաստանի ապակայունացնող գործողություններն են Սև ծովի տարածաշրջանում։
Օսթինը նախատեսում է Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին տեղեկացնել, որ անդամակցության պայմանների կատարման դեպքում ՆԱՏՕ-ի դռները բաց են այդ երկրների համար։
«Պարոն Օսթինը Վրաստանում և Ուկրաինայում կնշի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և կհորդորի Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին կատարել այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար», - նախօրեին հայտնել է Պենտագոնի խոսնակը։
«Մենք աջակցում և ամրապնդում ենք ռուսական ագրեսիայի թիրախում գտնվող այս երկրների ինքնիշխանությունը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, սակայն հավելել էր, որ անդամակցության մասին որոշումը միայն Միացյալ Նահանգներից չէ կախված։
Հյուսիսատլանտյան դաշինքը Թբիլիսիի և Կիևի անդամակցության ճանապարհային քարտեզը սկսել է քննարկել դեռևս 2008 թվականի ապրիլին, սակայն հետո Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանն ունի տարածքային չլուծված խնդիրներ, իսկ ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։
Այս տարվա ամռանը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի ղեկավարները պաշտպանել էին դաշինքին միանալու Ուկրաինայի և Վրաստանի իրավունքը, սակայն չէին հստակեցրել, թե երբ այդ երկրները իրականում կկարողանան միանալ դաշինքին»
Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չի կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, հավելելով՝ «վաղը չի լինի»։