Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:
Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։
Արցախի պաշտպանության նախարարությունն հերքել է ադրբեջանական կողմի լուրը` հայտարարելով, որ դա կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», - նշված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ինչը Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր` լուրը որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»: