Հայաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար, այսօր Երևանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Հայ-հնդկական հարաբերությունները սկսեցին նկատելիորեն ակտիվանալ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։
Արտգործնախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը հանդիպել էին ընդամենը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում, և ահա կարճ ժամանակ անց միջուկային տերություն հանդիսացող Հնդկաստանի արտգործնախարարը Երևանում է՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների գրեթե երեսունամյա պատմության ընթացքում առաջին անգամ այցելելով Հայաստան։
«Այս տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է լրանում, հոբելյան է, և մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել», - հնդիկ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ասաց Միրզոյանը:
Նա Հնդկաստանն անվանեց Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցության հետագա ամրապնդումը Երևանի առաջնահերթությունների շարքում է, և որը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։
«Երեկ ու այսօր արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել իմ գործընկերոջ հետ։ Համապարփակ դիտարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները, քննարկել ենք տարածաշրջանային և բազմակողմ հարցեր և, որն ամենից կարևորն է, համաձայնեցինք ապագա համագործակցության և տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների ճանապարհային քարտեզի շուրջ», - ասաց Ջայշանկարը։
Հնդկաստանի արտգործնախարարի խոսքով, մինչ քաղաքական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները ամրապնդվել են, հնարավորություն կա ամրապնդելու նաև տնտեսական կապերը։
Ջայշանկարը հիշեցրեց, որ Դելին ու Երևանը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասնակից են, որը, նրա խոսքով, ունակ է հաղթահարել երկու երկրների միջև առկա հաղորդակցային խոչընդոտները. - «Նախարար Միրզոյանն ու ես քննարկել ենք Հայաստանի հետաքրքրությունը՝ կապված [Իրանի հարավում գտնվող] Չաբահար նավահանգստի օգտագործման հետ. այդ նավահանգիստը զարգացել է Հնդկաստանի օժանդակությամբ։ Առաջարկեցինք, որ Չաբահար նավահանգիստը ևս մաս կազմի «Հյուսիս-Հարավ» տրասնպորտային միջանցքին։ Կողմ ենք Չաբահար նավահանգստի օգտագործմանը և այլ նախաձեռնություններին, որոնք կընդլայնեն կապը մեր երկու երկրների միջև»։
«Հյուսիս-Հարավ» տրասնպորտային միջանցքը նախաձեռնվել է Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի և կողմից դեռևս 2000թ.։ 7.2 հազար կիլոմետրանոց ծովային և ցամաքային ուղին պետք է կապի Հնդկաստանի Մումբայ քաղաքը Մոսկվային։
Հայաստանի արտգործնախարարը ևս անդրադարձավ «Հյուսիս-Հարավ» տրասնպորտային միջանցքին, որի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար խիստ կարևորվեց Սյունիքում Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջին զարգացումների ֆոնին, երբ ադրբեջանական կողմը հսկիչ անցակետ տեղադրեց ճանապարհին՝ ստուգելով ու հարկելով բեռնատարները։
«Ինչ վերաբերվում է Պարսից ծոց - Սև ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունը ասել։ Իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել կրկին այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի առումով, այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ, մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ», - ասաց Միրզոյանը։
Ջայշանկարը երեկ է երկօրյա պաշտոնական այցով ժամանել Երևան։ Այսօր նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։