Մատչելիության հղումներ

Վեհափառը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո Պատրիարքի հետ. այսօր կկայանա հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Երեքշաբթի օրը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պետն անդրադարձել է երկու եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսել է երկու ժողովուրդների ու երկրների միջև բարեկամական ու ջերմ կապերի մասին:

Իր հերթին, Վեհափառը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:

Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար: «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Վեհափառի ծննդյան 70-ամյակի առիթով:

«Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և եկեղեցու հանդեպ», - շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ասել է Գարեգին երկրորդը։

Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Կիրիլ Պատրիարքը նշել է. - «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար»:

Այսօր Վեհափառը Ռուսաստանի մայրաքաղաքում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

XS
SM
MD
LG