Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի իշխանական նախագահը հաստատում է՝ քրեական գործի պատճառ դարձած անպիտան հրթիռները ներկայիս իշխանությունների ժամանակ են գնվել, բայց միևնույն ժամանակ հարց է բարձացնում՝ ինչու՞ են դրանք նախկին իշխանությունների օրոք ներկրվել ու պահեստավորվել Զինված ուժերի պահեստում։ Անդրանիկ Քոչարյանն առնվազն տարօրինակ է համարում անպիտան հրթիռների ներկրման գործընթացը։
«Պարոն Օհանյանը մի պարզ հարցի չի պատասխանում՝ իր ժամանակ էդ փչացած ապրանքը ինչի՞ եկավ Հայաստան և 8 տարի մեր պահեստներում վտանգում էր մեր երկրի անվտանգությունը։ Կոռուպցիոն գործարքները շատ խորքային դրսևորումներ են ունեցել հատկապես հատկապես Զինված ուժերում, որովհետև Զինված ուժերը մեր երկրի բյուջեի մի հսկա հատվածն են տնօրինել, և բնականաբար, շատ-շատերը փորձ են արել գտնել ծանոթներ, հովանավորյալներ, մտնեն էդ բանի մեջ։ Ու վերջին հաշվով, արդյունքում ծնվել են դղյակներ», - ասաց Քոչարյանը։
Անպիտան հրթիռների քրեական գործով անցնում են 2018-2020 թվականներին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը։ Նրանք մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նրանք ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել են սեպտեմբերի վերջին։
2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ավելի վաղ պնդել էր, որ նախարարությունը 2011-ին «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի ընկերությունից գնել է միայն Հայաստան ներկրված հրթռիների 30 տոկոսը, մնացած 70 տոկոսի համար գումար չի վճարել, քանի որ դրանք անպիտան են եղել. - «Այն, որ հրթիռների մի մասը, ասենք 70 տոկոսը ոչ պիտանի է եղել … հնարավոր է, որ մատակարար ընկերությունը տեղում էլ հնարավորություն չի եղել հատ-հատ յուրաքանչյուր հրթիռը ստուգել, կամ եթե ստուգել են, ինքը այդ հնարավորությունները մասնագիտական չուներ։ Այնուհետև թե ինչ է եղել, արդեն դա պետք է հարցնել համապատասխան գերատեսչություններին»։
Անպիտան հրթիռները տեղափոխվել էին Զինված ուժերին պատկանող պահեստ՝ առաջինը հենց մատակարարի խնդրանքով, ասել էր Օհանյանը. - «Մատակարար կազմակերպությունը պարտավոր էր ձեռք բերել լիզնեցիա և որոշել դրա ճակատագիրը։ Բայց քանի որ ես գտնում եմ, որ միգուցե հրթիռները եղել են անսարք, ոչ պիտանի, ինքը այդ թույլտվությունը չի կարողացել ձեռք բերել»։
Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, թե իրեն տեղեկություն է հասել, որ Զինված ուժերում պահեստավորված անպիտան հրթիռները մեկ անգամ էլ երկրից դուրս են հանվել, բայց թե որ ժամանակաշրջանում, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը չմանարամասնեց։ Միայն ասաց՝ ինչպե՞ս է զինամթերք մատակարող ընկերությանը հաջողվել երկրից հրթիռներ դուրս հանել առանց լիցենզիայի. - «Էս փչացած ապրանքը մի հատ էլ պտույտ ա արել դեպի այլ երկիր… Հիմա քննությունը ցույց կտա։ Երկիրը, բնականաբար, կոնկրետ ինքնաթիռներով ա եղել, ենթադրում եմ։ Մենք նաև էդ երկրի տիրույթում ինքնաթիռ ունենք կորցրած նախկինում։ Ո՞նց ա էդ ընկերությունը կարողացել հատել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը... Առանց բարձր քաղաքական և ռազմական ղեկավարության էդպիսի խնդիրը հնարավոր չի լուծել։ Իսկ Պատրոն Դավոյի համար փակ դռնել չեն էղել»։
Երեկ, ի դեպ, քրեական գործին կրկին պաշտպանության նախկին նախարարի փաստաբաներն են անդրադարձել՝ կրկին հայտատարելով, որ Դավիթ Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:
Փաստաբանները հայտարարության մեջ շեշտել էին, որ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի և այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար՝ հաշվի առնելով ազգային անվտանգությունն ու պետական գաղտնիքը։
Հարցին, թե արդյոք նախկին նախարարի փաստաբանների հայտարարությունը շանտաժ է ներկայիս իշխանությունների նկատմամբ, իշխող «Քաղացիական պայմանագրի» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ պարզապես փաստաբանները երևի հիշեցրել են, որ պարոն Տոնոյանը երբեք պետական շահը չի ստորադասի ինչ-ինչ խմբակային շահերին»։
«Ես չեմ կարծում, որ օրենքի տառը պահպանելը կարող է շանտաժ դիտարկվել, և կաշխատեմ զերծ մնալ պարոն Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից։ Առնվազն երկու պատճառ կարող եմ բերել. մենք իրար հետ աշխատել ենք, և երկրորդը՝ քրեական գործի մասով իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս, որևիցե հավելյալ մեկնաբանություն անել», - իր հերթին ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Անպիտան հրիթռների քրեական գործով, ըստ ԱԱԾ-ի, Դավիթ Տոնոյանից ու Դավիթ Գալստյանից բացի, անցնում են Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետը։ Ազգային անվտանգության ծառայությունը նրանց անունները չի տալիս։Գերատեսչությունից հոկտեմբերի 2-ին տեղեկացրին միայն, որ ձերբակալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։ Վերջինիս ևս մեղադրանք է առաջադրվել։ Գալստյանը կալանավորվել է։