Արցախի իրավապահները տիրապետում են և պատրաստ են ռուս խաղաղապահներին փոխանցել այն բոլոր տվյալները, որոնցով հնարավոր է նույնականացնել Մարտակերտում 55-ամյա բնակչին սպանած անձին և հանցագործության գործիքը, հաղորդում են Արցախի դատախազությունից։
Շաբաթ օրը Մարտակերտի հատվածում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել էր արցախցի Արամ Տեփնանցը։ Խաղաղապահները ևս ուսումնասիրում են այս գործը։ Դեպքի պահին սպանված քաղաքացու կողքին՝ կրակահերթի տակ հայտնված տրակտորի մեջ եղել է նաև ռուս խաղաղապահ, որպեսզի երաշխավորի Տեփնանցի անվտանգությունը։
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ասում է՝ իրենց ունեցած ողջ տեղեկությունը փոխանցել են ռուսական կողմին. - «Մենք հավաքագրել ենք սաղ տեղեկությունները՝ լուսանկարները, դիակի զննության արդյունքները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները և ամենը հանձնել ենք ռուսական կողմին»։
Արցախում ասում են, որ սա խաղաղապահների ուղղությամբ առաջին կրակոցները չեն։ Թաղավարդի բնակիչը TV5-ի հետ զրույցում դեռ երկու շաբաթ առաջ էր պնդել էր, որ ռուս խաղաղապահների շրջանում մեկ զոհ և մեկ վիրավոր կա։ Տեղեկություն, որն այս պահին ոչ հերքել, ոչ հաստատել է ռուսական խաղաղապահ առաքելությունը։
Արցախի պաշտոնական մի քանի գերատեսչութուններ ևս այս տեղեկությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ասաց, թե խաղաղապահների վերաբերյալ հարցերի իրենք չեն պատասախանում, տեղեկություն էլ չունեն. - «Ես որևէ բան ասել այդ թեմայով չեմ կարող»։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է՝ պաշտոնական Բաքուն մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, կա միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու բանավոր պայմանավորվածություն։ Փաստաթղթի 4-րդ կետում սահմանվում է՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ըստ քաղաքագետի, խաղաղապահների ուղղությամբ նման ակնհայտ ագրեսիան Ադրբեջանի կողմից քաղաքական ուղերձ է. - «Ռուսներին ասում են, որ դուք ստեղ երկար չեք մնա։ Դուք գիտեք, Ադրբեջանը այդ խաղաղապահ առաքելությանը գրավոր համաձայնություն չի տվել, բանավոր է տվել, ու իրանց դա շահարկում են։ Դա քաղաքական սադրանքներ են, քաղաքական քայլեր են, դա սիմվոլիկա է՝ հայեր, ձեզ չի փրկի նույնիսկ ռուս զինվորը, ռուս խաղաղապահը։ Ես կարծում եմ, սադրանքներին չպետք է տրվել»։
Այս փուլում քաղաքագետը կարևորում է բլոոր այս միջադեպերի թափացիկ քննությունը։ Գրիգորյանը ինֆորմացիոն առումով փակ աշխատանքը ռուսական կողմի ձեռագիր է որակում և հիշեցնում՝ ականի պայթյունից դեռ նոյեմբերին ռուս խաղաղապահ էր վիրավորվել, սակայն այդ դեպքում ևս ռուսական պաշտոնական աղբյուրները լռեցին։ Խաղաղապահի վիրավորման լուրը այն ժամանակ հաստատել էր Արցախի ներքին գործերի նախարարությունը։